Դա լավագույն հարսանիքն էր. Լոպեսը գաղտնի հարսանիքից մանրամասներ է հայտնել

Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը
Հարսանիքին ներկա են եղել զույգի ամենամտերիմ ընկերներն ու ընտանիքի անդամները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը հուլիսի 16-ին ամուսնացել է դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ Բեն Աֆլեքի հետ և վերցրել նրա ազգանունը։
Նշանադրությունից երեք ամիս անց սիրահարները երկրպագուներից թաքուն, Լաս Վեգասի Little White մատուռում, ամուսնացել են, հայտնում է Daily Mail-ը: Հարսանիքին ներկա են եղել զույգի ամենամտերիմ ընկերներն ու ընտանիքի անդամները:
Երգչուհին հաստատել է հարսանիքի մասին լուրը իր OnTheJLo.com կայքում տեղադրված տեղեկագրում:
«Մենք մեր երդումները կարդացինք փոքրիկ մատուռում և միմյանց նվիրեցինք մատանիներ, որոնք կկրենք ողջ կյանքում: Ի վերջո, դա լավագույն հարսանիքն էր, որ կարող էինք պատկերացնել»,- գրել է 52-ամյա Լոպեսը:
Բաժանումից 17 տարի անց` 2021-ի մայիսին, Ջենիֆեր Լոպեսի ու Բեն Աֆլեքի վերամիավորման մասին առաջին լուրերը հայտնվեցին: Հետո զույգը հաստատեց դրանք։ Ապրիլին Լոպեսը հայտարարեց Աֆլեքի հետ նշանադրության մասին։