Բնակարանային օգնությունը սահմանամերձ գյուղերի համար միակ ծրագիրը չէ. Սյունիքի մարզպետ

Սյունիք. Ներքին Հանդ. Արխիվային լուսանկար
Սահմանամերձ գյուղերի բնակիչների համար իրանական բիզնեսի հետ քննարկվում են նոր ձեռնարկություններ ստեղծելու հնարավորությունները՝ հեռուստացույցների հավաքման «լռված» նախագծի փոխարեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Սյունիքիմարզպետարանը Հայաստանի կառավարության հետ քննարկում է սահմանամերձ գյուղերի բնակիչների աջակցության նոր ծրագրերը: Այս մասին լրագրողներին ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Նա հիշեցրել է, որ օգոստոսի 15-ից սկսվում է սահմանամերձ գյուղերում տներ կառուցել ցանկացող քաղաքացիների աջակցության ծրագրի իրականացումը: Ըստ այդ ծրագրի՝ պետությունը մինչև 12 մլն դրամ (25 հազար դոլար) կհատկացնի տների կառուցման համար վերցրած հիփոթեքի հիմնական գումարի մարման համար, բայց ոչ ավելի, քան ամսական 171 հազար դրամ, ինչպես նաև տոկոսների մարման համար՝ մինչև 12 տոկոս, բայց ոչ ավելի, քան ամսական 120 հազար դրամ:
Կառավարության նախնական հաշվարկներով՝ ծրագրի շրջանակներում աջակցություն կստանա 240 ընտանիք։ Բացի այդ, այդ ընտանիքները կարող են օգտվել աջակցության այլ ծրագրերից. օրինակ՝ մարզերում (ոչ միայն սահմանամերձ գյուղերում) բնակարան գնելիս 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին պետությունը կփոխհատուցի վարկի մայր գումարի 5-10% -ը։
«Կառավարությունը մի շարք այլ ծրագրեր էլ է նախապատրաստում, մենք հիմա ինտենսիվ քննարկում ենք, շուտով դրանք պետք է մեկնարկեն»,-հայտարարեց Ղուկասյանը:
Սյունիքի սահմանամերձ գյուղերի համար արդեն մշակվել են զարգացման ծրագրեր։ Դրանց իրականացման համար կառավարությունը հատկացնելու է ոչ միայն բյուջետային, այլև վարկային միջոցներ (որոնց ներգրավման համար բանակցություններ են ընթանում դոնորների հետ)։
Պատասխանելով ոլորտում նոր ներդրումային ծրագրերի մասին հարցերին՝ նա նշեց, որ տեղեկություն չունի իրանցի գործարարների՝ խելացի հեռուստացույցների հավաքման ծրագրի մասին, որի մասին հայտարարվել էր 2019 թվականին։ Վերջերս մարզպետը հանդիպել է Իրանի դեսպանի հետ, սակայն այդ ծրագրի մասին խոսք չի եղել։
«Այդ ծրագրի մասին տեղեկություններ չունեմ, քանի որ իմ նշանակումից հետո դրա հետ կապված որևէ գործընթաց չի եղել։ Բայց զրույցի ընթացքում մենք քննարկել ենք մի շարք այլ հետաքրքիր նախագծեր»,- հայտարարեց մարզպետը։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը
Խոսելով ճանապարհաշինության մասին՝ մարզպետը կրկնեց կառավարության վերջին նիստում ասվածը․Տաթև-Կապան ճանապարհին շրջանցիկ հատված է կառուցվում (այն կշրջանցի Տանձավեր և Վերին Խոտանան գյուղերը)։ Շրջանցիկ հատվածում ավելի քիչ կտրուկ շրջադարձեր կլինեն, իսկ բուն ճանապարհը գյուղերով չի անցնի։ Այժմ հատվածում հողային աշխատանքներ են ընթանում։
Բացի այդ, արդեն սկսվել է Տաթև-Լծեն ճանապարհի ասֆալտապատումը. դրա շնորհիվ տրանսպորտային միջոցները կշրջանցեն Տաթևի կիրճը և ուղիղ ճանապարհով դուրս կգան Մ-2 հիմնական մայրուղի՝ Գորիսի և Սիսիանի միջև:
Խոսելով Տաթև-Կապան հիմնական ճանապարհի ասֆալտապատման թերությունների մասին՝ մարզպետը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ դրանք հնարավորինս արագ կվերացվեն:
Ինչո՞ւ է քանդվել ամիսներ առաջ նորոգված Տաթև-Աղվանի ճանապարհը. Սանոսյանի պարզաբանումը