Բորելը հույս ունի, որ Ուկրաինայի նավահանգիստներն այս շաբաթ կապաշրջափակվեն

Ավելի վաղ Ստամբուլում Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների ու ՄԱԿ-ի պատվիրակության բանակցություններ են անցկացվել հացահատիկի հարցի կարգավորման շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հուսով է, որ հացահատիկի հարցով բանակցությունները կհանգեցնեն Ուկրաինայի նավահանգիստների ապաշրջափակմանը արդեն այս շաբաթ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որ ապահովենք հացահատիկի արտահանումը այլ ճանապարհներով, այդ թվում՝ համերաշխության միջանցքներով Սև ծովով՝ Ռումինիայի և Բուլղարիայի տարածքով։ Բայց դա բավարար չէ։ Հուսով եմ, որ այս շաբաթ հնարավոր կլինի համաձայնության հասնել Օդեսայի նավահանգստի և Ուկրաինայի այլ նավահանգիստների ապաշրջափակման շուրջ: Հազարավոր ու տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը կախված է այդ համաձայնագրերից։ Սա դիվանագիտական խաղ չէ։ Սա շատերի համար կյանքի ու մահվան հարց է»,- ասել է նա։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակություններն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչները հուլիսի 13-ին «հացահատիկի հարցի» շուրջ բանակցել են Ստամբուլում։

ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են, որ հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիք է հասունացել, Արևմուտքը Ռուսաստանին է մեղադրում ուկրաինական հացահատիկի մատակարարումները խոչընդոտելու համար։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ հացահատիկն Ուկրաինայից արտահանելու խնդիր չկա, և Ռուսաստանը որևէ կերպ չի խոչընդոտում։ Նրա խոսքով` եթե Ուկրաինան ականազերծի նավահանգիստները, հացահատիկով բեռնված նավերը կկարողանան այնտեղից դուրս գալ առանց որևէ դժվարության։