ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հայտնի է դարձել ընդդիմադիր թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության անդամի անունը, որի արտահանձնումը նախօրեին արգելել էր Շվեդիայի Գերագույն դատարանը: Պարզcել է, որ նա Աֆղանստանի գծով խմբավորման, այսպես կոչված՝ «իմամ» Յըլմազ Այթանն է։ Տեղեկությունը հայտնում է Anadolu գործակալությունը։
Նշվում է, որ նախօրեին Այթանի արտահանձնման գործընթացը կասեցնելու մասին հայտնել են շվեդական ԶԼՄ-ները:
Թուրքական գործակալության տվյալներով՝ Այթանի պարտականությունների մեջ էր մտնում Աֆղանստանում FETÖ- ի (Գյուլենի կազմակերպությունը, որը Թուրքիայում ահաբեկչական է ճանաչվել․- խմբ.) «դպրոցների» գործունեության համակարգումը։
Նա լքել է Աֆղանստանը և ապաստան է խնդրել Շվեդիայում, որտեղ բնակվում է արդեն մոտ 3 տարի:
Թուրքիայի իրավապահ մարմինների իրականացրած հետաքննության արդյունքում հաջողվել է պարզել, որ Այթանը FETÖ արտասահմանյան ցանցի բարձրաստիճան անձանցից է։
Թուրքիայի արդարադատության նախարարությունը սկանդինավյան պետության իշխանությանը հարցում է ուղարկել «զինված ահաբեկչական կազմակերպության ստեղծում/զինված ահաբեկչական կազմակերպության ղեկավարում» հոդվածի հիման վրա Այթանին արտահանձնելու վերաբերյալ:
Գործակալությունն ընդգծում է, որ, չնայած Անկարայի հետ ստորագրված հուշագրին, Ստոկհոլմը շարունակում է «ահաբեկիչներին արտահանձնելու պահանջներն անպատասխան թողնել»:
Հիշեցնենք` Ուկրաինայի իրադարձությունների համապատկերում Ֆինլանդիան ու Շվեդիան մայիսի 18-ին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտեր են ներկայացրել դաշինքի գլխավոր քարտուղարին։
Թուրքիան արգելափակել էր այդ հայտերի քննարկման գործընթացը։ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի կարող «այո» ասել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի հավատում նրանց հավաստիացումներին, թե կապ չունեն Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ (Թուրքիայում արգելված կազմակերպություն):
Հունիսի28-ին Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան անվտանգության հուշագիր են ստորագրել, որով սկիզբ է դրվել ՆԱՏՕ-ի անդամակցության շուրջ բանակցություններին: Երկրները պայմանավորվել են ուժեղացնել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, պարտավորվել են չաջակցել Քրդստանի աշխատավորական կուսակցությանն (ՔԱԿ) ու իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը (FETÖ)։