ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը պետք է ուժեղ լինի, որ ոչ ոք անգամ չհամարձակվի մտածել նրա դեմ ագրեսիվ գործողություններ ձեռնարկելու մասին։ Նման կարծիք է հայտնել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Մեդվեդևի կարծիքով ՝ Ռուսաստանն ուժեղ կլինի, եթե ամբողջովին անկախ արտաքին քաղաքականություն վարի, հակառակ դեպքում երկիրը պարզապես կհոշոտեն:
«Մեր երկիրը յուրահատուկ երկիր է։ Այն մոլորակի ամենամեծ երկիրն է։ Եվ այն կարող է ուժեղ լինել միայն այն դեպքում, եթե լրիվ անկախ արտաքին քաղաքականություն վարի, եթե պաշտպանի իր սահմանները, սահմաններն ամբողջ երկայնքով։ Եթե այն պաշտպանված լինի սպառազինության ամենաժամանակակից տեսակներով», - ասել է նա Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ հանդիպմանը։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահն ընդգծել է, որ հավաքական Արևմուտքի երկրների խորքային շահերը Ռուսաստանին զսպելու մեջ են:
«Ինչ-որ հարցերում նրանք նախանձում են մեզ, մեր հնարավորություններին, ինչ-որ հարցերում նրանք երևի վախենում են մեզանից։ Բայց ամենակարևորը սա է` Ռուսաստանին զսպելու մեջ է նրանց կոնցեպտուալ խնդիրը, որը տարեցտարի չի փոխվում ու անցնում է մի կառավարությունից մյուսին», - ՌԻԱ Նովոստիի փոխանցման ասել է Մեդվեդևը։
Մեդվեդևի խոսքով՝ Ռուսաստանի և մի շարք խոշոր պետությունների փոխհարաբերությունների պատմությունը շատ բարդ է. երկրները դաշնակիցներ են եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, իսկ դրա ավարտից անմիջապես հետո Արևմտյան պետությունները սկսել են ԽՍՀՄ-ի զարգացման սահմանափակմանն ուղղված քաղաքականություն վարել:
«Պատմական պատճառները շատ են, հիմա չեմ խորանա այդ նրբությունների մեջ... Խնդիրն այն է, որ այսօր էլ մեր երկրի՝ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, այսպես կոչված, հավաքական Արևմուտքը կամ արևմտյան աշխարհը զարգացումը սահմանափակելու կուրս է իրականացնում», - կարծում է Մեդվեդևը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 144-րդ օրը։