ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Իտալիայում առնվազն 400 ազգային և միջազգային չվերթ է չեղարկվել ավիացիոն անձնակազմի գործադուլի պատճառով։ Տեղեկությունը հաղորդում է Corriere della Sera թերթը:
Նշվում է, որ չորսժամյա գործադուլին, որը հայտարարված է տեղական ժամանակով ժամը 14-ից մինչև 18-ը, միացել են Ryanair, Volotea, easyJet և Malta Air-ի աշխատակիցները (օդաչուները և բորտուղեկցորդները):
Իտալական Ita Airways ավիաընկերությունը հայտնել է 122 չվերթի չեղարկման մասին, ինչն այսօրվա չվերթերի ընդհանուր թվի 40 տոկոսն է:
Արհմիությունների հայտարարության համաձայն՝ աշխատանքը կդադարեցնեն նաև Իտալիայի քաղաքացիական ավիացիայի թռիչքների ապահովման ազգային ծառայության (ENAV) ավիադիսպետչերները:
Ընդհանուր առմամբ, ավիացիայի ոլորտի աշխատակիցների բողոքները դժվարություններ կառաջացնեն 68 հազար ուղևորների համար: Հետևանքները կարող էին ավելի շոշափելի լինել, սակայն գործադուլի իրավունքը վերահսկող պետական գերատեսչությանը հաջողվել է կրճատել գործադուլի ժամը` 24-ից հասցնելով 4 ժամի:
Ցուցարարների գլխավոր պահանջներն են աշխատավարձի ավելացումն ու աշխատանքի պայմանների փոփոխությունը: Ներկայիս գործադուլը հերթական ակցիան է։ Նախորդ նման ակցիաներն անցկացվել են հունիսի 8-ին ու 25-ին: