ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանին ԱՄՆ–ին մեղադրել է Մերձավոր Արևելքում լարվածություն հրահրելու մեջ։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։
«Վաշինգտոնը հերթական անգամ անցել է հակաիրանական ձախողված քաղաքականությանը` փորձելով տարածաշրջանում լարվածություն և ճգնաժամ հրահրել»,– հայտնել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մերձավոր Արևելք այցի շրջանակում խոստացել էր, որ Վաշինգտոնը չի հանդուրժի տարածքաշրջանում որևէ երկրի գերիշխելու փորձերը` նկատի ունենալով Իրանին։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը նաև հերքել է միջուկային զենքի մշակման վերաբերյալ Սպիտակ տան մեղադրանքները։
Կանանին ընդգծել է, որ այդ սուտ պնդումները համապատասխանում են Վաշինգտոնի սադրիչ քաղաքականությանը։
Հիշեցնենք` Բայդենը նախօրեին հայտնել է, որ իր երկիրը մտադիր է ակտիվություն պահել Մերձավոր Արևելքում և չի պատրաստվում հեռանալ, թողնելով «վակուում», որը կլրացնեին այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը կամ Իրանը։ Նրա խոսքով` Մերձավոր Արևելքում ամերիկյան ազդեցության թուլացումը սխալ էր։