ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
«Իրավամբ կարող եմ նշել, որ 30 տարին հայ և վրացի ժողովուրդների դարավոր տարեգրության մեջ ընդամենը մի ակնթարթ է, սակայն անկախությունը վերականգնած մեր երկու երկրների նորօրյա պատմության մեջ այն բնորոշվում է որպես բարիդրացիական միջպետական հարաբերությունների հաստատման ու կայացման կարևորագույն ժամանակաշրջան, որը հարուստ է նշանակալի ձեռքբերումներով և հաջողություններով»,–ասված է վարչապետի ուղերձում:
Նրա խոսքով` պատմամշակութային հարուստ ժառանգության և նույնական արժեհամակարգի վրա խարսխված երկու եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունները հետևողական աշխատանքի ու սերտ համագործակցության շնորհիվ շարունակում են ավելի ամրանալ՝ դրանով իսկ նախադրյալներ ստեղծելով հետագա համագործակցության և պետականաշինության համար:
«Հայաստանը մշտապես մեծ կարևորություն է տվել հարևան և բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը, իսկ երկու երկրների միջև բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվությունը վկայում է առկա փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու մեր հաստատուն հանձնառության մասին»,–ասել է Փաշինյանը:
Նա վստահություն է հայտնել, որ հայ-վրացական հարաբերությունները զարգացնելու փոխադարձ ձգտումը և պաշտոնական մակարդակում վստահելի երկխոսությունն այսուհետ ևս կկանխորոշեն մեր ընդհանուր ջանքերը՝ ի շահ երկու ժողովուրդների: