Ընդդիմությունը Փաշինյանի պայմանավորվածությունները չեղարկելու հռչակագիր է մշակում

Ընդդիմադիր պատգամավորը նշում է, որ փաստաթուղթը վերջնական մշակելուց հետո ներկայացվելու է Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, գործիչներին` ստորագրելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Ընդդիմությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունները չեղարկելու (դենոնսացիայի) հռչակագիր է մշակում։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը կապ չունի մեր ժողովրդի շահերի և կամարտահայտության հետ, նախընտրական շրջանում ժողովրդին խոստացել է մի բան, հիմա բոլորովին այլ բան է անում, սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը՝ մի կողմ դնելով հայ ժողովրդի կենսական ու առաջնահերթ շահերը, հանդես ենք գալու մի նախաձեռնությամբ, որ հաջորդ իշխանությունը հրատապության կարգով պետք է առոչինչ հայտարարի այսուհետ Նիկոլ Փաշինյանի ձեռք բերած ցանկացած գրավոր և բանավոր պայմանավորվածություն»,- հայտնում է նա։

Ընդդիմադիր պատգամավորը նշում է, որ փաստաթուղթը վերջնական մշակելուց հետո ներկայացվելու է Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, գործիչներին` ստորագրելու համար։
Քրիստինե Վարդանյանի դիտարկամբ` այսկերպ բոլորը, այդ թվում` Ալիևն ու Էրդողանը, պետք է հասկանան, որ Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք բերած ցանկացած պայմանավորվածությունն առոչինչ է և որևէ իրավական նշանակություն չունի հայ ժողովրդի համար։