«Խաղողի այգիս կքանդեմ, այսպես մինչև ե՞րբ». գյուղացին կրկին կրակն է ընկել մթերման ձեռքը

Գյուղացիները կարծում են, որ մթերման սեզոնին խնդիրներ են ունենալու, քանի որ մթերողները դեռ դանդաղում են պայմանագրեր կնքել։ Էկոնոմիկայի նախարարությունը վստահեցնում է` քայլեր են անում, որ բերքն ամբողջությամբ մթերվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik, Կարինե Հարությունյան. Մթերող ընկերությունները չեն շտապում գյուղացիների հետ խաղողի մթերման պայմանագրեր կնքել, իսկ գյուղացիները կարծում են` այս տարի էլ են ստիպված լինելու փողոց փակել, որ ուշադրության կենտրոնում լինեն։
Ի դեպ, գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից օգտվելու համար խաղողի գնումների դեպքում պայմանագրերը պետք է կնքվեին մինչև հուլիսի 1-ը:
Այսինքն` հուլիսի 1-ից հետո կնքված պայմանագրերի համար ծրագրով վարկ չի տրամադրվի: Չնայած նախատեսված ժամկետը վաղուց է անցել, սակայն գյուղացիների մեծամասնությունը դեռ պայմանագիր չի կնքել։ Sputnik Արմենիան զրուցել է գյուղացիների, ոլորտի մասնագետների և մթերողների հետ` խնդրի ողջ պատկերը ստանալու համար։

Գյուղացիները հոգնել են` ուզում են քանդել խաղողի այգիները

Արմավիրի մարզի Լենուղի համայնքում գյուղացիների մեծ մասը դեռ սպասում է պայմանագրեր կնքելուն։ Սեդա Վարդանյանին հանդիպում ենք իր իսկ այգում` խաղողի «թառը կապելիս»։
«Ես շուրջ 200 տոննա խաղողի բերք եմ ունենում։ Այս տարի աշխատուժն էլ թանկ է` քույրս է Երևանից գալու և օգնի ինձ։ Իմ խաղողն արևաբույր տեսակի է` կոնյակի հումք է։ Էկոնոմիկայի նախարարության հորդորով «ՄԱՊ» ընկերությունը 30 տոննայի պայմանագիր է կնքել ինձ հետ։ Բացի այդ, ասում են, որ Պռոշյանի գինու և կոնյակի գործարանի հետ կնքենք պայմանագիր, բայց ես ինքս դեմ եմ, քանի որ նախորդ տարվա գումարը միայն վերջերս ենք ստացել»,- ասում է տիկին Սեդան։
Սեդա Վարդանյան
Նա կարծում է, որ գործարաններն ուզում են խուճապ առաջացնել ու աշնանը մատչելի գնով գնել խաղողը։ Ասում է` խաղողը բեռ է դարձել։ Մտածում է այգին քանդելու և այլ միրգ աճեցնելու մասին։
Գյուղամիջում հանդիպում ենք մի խումբ կանանց։ Տիկին Վարդուհին ասում է, որ 20 տոննա խաղողի բերք ունեն, սակայն որևէ գործարան իրենց հետ պայմանագիր չի կնքել։ Կինը նշում է, որ նախորդ տարի ծանոթ են գտել ու համոզել, որ մթերեն. այլ կերպ հնարավոր չէր։

«Ես «ՄԱՊ»-ում եմ աշխատում, և ընկերությունն ինձ հետ արդեն պայմանագիր է կապել։ Նախորդ տարի նույնպես «ՄԱՊ»-ին եմ տվել խաղողս»,- ասում է զրույցին միացած մեկ այլ կին` տիկին Հերմինեն։

Ընդհանուր առմամբ` գյուղացիները 800 տոննա խաղող ունեն, բայց 100 տոննայի համար են դեռևս պայմանագիր կնքել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Լենուղու ղեկավար Վաղուշ Մուրադյանը։
«Նախնական տվյալները, թե ով քանի հեկտար այգի ունի, տրամադրել ենք էկոմոնիկայի նախարարությանը։ Ասել են` մեկ շաբաթվա ընթացքում խնդիրը կկարգավորվի, և մյուսներն էլ պայմանագիր կկնքեն։ Կարծում եմ` գործարաններն են անիմաստ խնդիր ստեղծում»,- ասաց Մուրադյանը։
Լենուղի համայնքի ղեկավար Վաղուշ Մուրադյան
Նույն իրավիճակն է հարևան Այգեվան գյուղում։ Համայնքի ղեկավար Հարություն Սահակյանն ասում է, որ իրենց մոտ էլ 800-850 տոննա խաղող են կանխատեսում հավաքել, սակայն գյուղացիների մեծամասնությունը դեռ մթերման պայմանագիր չունի։
Խաղողի վազ
«Կառավարության պահանջով ցուցակագրում է կատարվել` դրոնով են նկարել այգիներն ու բոլորի հետ զրուցել։ Որոշ գործարաններ կնքել են պայմանագիր` մեծ մասամբ իրենց աշխատակիցների հետ։ Բացի այդ, կան գործարաններ էլ, որոնք բազմամյա պայմանագրեր ունեն։ Կարծում եմ` գյուղացիները կհասցնեն պայմանագրեր կնքել, և որևէ խնդիր չի լինի։ Ես գիտեմ, որ գործարանները մթերման ծավալները չեն նվազեցրել` նույնն է, ինչ նախորդ տարի»,- ասաց Սահակյանը։
Այգեվան համայնքի ղեկավար Հարություն Սահակյան
Տեղի բնակիչներից Արսեն Հովհաննիսյանը նշում է` օրուգիշեր աշխատում են ու վերջում չեն իմանում` բերքն ինչ անեն։
«Խաղողի այգիս կքանդեմ, էսպես մինչև ե՞րբ է գնալու։ Հիմա ուղղակի ափսոսում եմ, քանի որ հայրս իր ձեռքով այգին հիմնեց ու վերջերս մահացավ... Հիշատակի համար եմ պահում»։
Արսեն Հովհաննիսյան

Խաղողագործները կոտրած տաշտակի առջև են

Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը նշում է` որոշ ժամանակ առաջ մի քանի ընկերություններ իմիտացիոն կերպով պայմանագրեր կնքեցին։ Այսինքն, ըստ նրա, ընկերություններն ասացին, որ պայմանագրեր են կնքելու և ժամը 9-ին բացելու են իրենց դռները, սակայն 9։20 գնացողների համար տեղերն արդեն սպառվել էին։ Ասում է` ՀՀ-ում ամեն ինչ ստի վրա է հիմնված։

«Իրականում խաղողագործները պայմանագրեր չունեն` կոտրած տաշտակի առաջ են կանգնած։ Ոչ ոք չի մտածում խաղողագործի մասին։ Իսկ դա արհեստածին ստեղծված մի մահակ է գյուղացուն աղքատ պահելու համար։ Սակայն եթե օրենքը գործի և որոշում կայացվի, որ կոնյակը, գինին ու լիկյորն արտադրվելու են միայն ՀՀ-ում արտադրված հայկական խաղողի սորտերից, մենք խաղողի դեֆիցիտ կունենանք»,- ասում է Սարգսյանը։

Նա նշում է, որ հիմա խորը ճգնաժամի մեջ ենք` անհայտ ծագում ունեցող սպիրտով հայկական ապրանքանիշի անվան տակ արտադրվում է գինի, օղի և այլն. դա մի մեծ մաֆիա է։
Հարցին, թե ռուս-ուկրաինական իրավիճակը որքանո՞վ է ազդել արտահանումների վրա` Սարգսյանը նշում է, որ մեծ մասամբ ՌԴ ենք արտահանում մեր խմիչքները, և հիմա խնդիրներ չկան։

Մթերողների մոտ անորոշ վիճակ է

«Պռոշյանի կոնյակի գործարանի» գլխավոր հաշվապահ Լիլյա Պողոսյանը Sputniik Արմենիային ասաց, որ մթերման համար սկսել են պայմանագիր կնքել, սակայն թե վերջնական որքան կմթերեն, դեռ չգիտեն` տարեկան նախապատրաստումը չեն արել։

«Պայմանագրեր կնքել ենք, բայց ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե պետությունն ինչ սուբսիդիա կտա։ Սպասում ենք։ Հիմա սպասողական փուլում ենք։ Պայմանագիրը պարտավորեցնող և վերջնական չէ` կարող է ռեսուրս չունենանք, մեր ուզած պայմաններով սուբսիդիա չտրամադրեն, չմթերենք»,- ասում է Պողոսյանը։

Ինչ վերաբերում է արտահանումներին, ապա վերջինս նշում է, որ ռուս-ուկրաինական իրավիճակը, բնականաբար, ազդել է դրա վրա. Ուկրաինա արտահանումը լիարժեք կարգավորված չէ` հետընթաց փուլում է։
«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերությունից էլ իրենց հերթին հայտնեցին` սպասում են մինչև պայմանագրեր կնքելու մասին ղեկավարությունը կհայտատարի, որ իրենք էլ գյուղացիներին զանգեն, տեղյակ պահեն։ Չնայած դրան, ընկերությունն ունի խաղողագործներ, որոնց հետ մշտական կերպով համագործակցում է` խոսքը բազմամյա պայմանագրերի մասին է։ Դրանից դուրս դեռ պարզ չէ` ինչ են անելու։

Էկոնոմիկայի նախարարությունը մոնիթորինգ է անում

Էկոնոմիկայի նախարարությունը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ ներկայում ուսումնասիրություն են իրականացնում։

«Էկոնոմիկայի նախարարությունը ներկայում իրականացնում է խաղողի բերքի, վերամշակող կազմակերպությունների կողմից մթերման կանխատեսվող ծավալների, ինչպես նաև հուլիսի 1-ի դրությամբ կնքված պայմանագրերի շրջանակում մթերվող խաղողի ծավալների մոնիթորինգ։ Դրա արդյունքները համադրելուց հետո աշխատանքներ կիրականացվեն պայմանագրեր չունեցողների հետ պայմանագրեր կնքելու ուղղությամբ»,- վստահեցնում են նախարարությունից։

Նշվում է նաև, որ այժմ այցելություններ են անում խաղողի մեծածավալ մթերումներ իրականացնող կազմակերպություններ։ Ուստի, ըստ նախարարության, ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները մթերման գործընթացն առանց խոչընդոտների կազմակերպելու նպատակով, որպեսզի բերքն ամբողջությամբ իրացվի։
Խաղողի այգի
Ստացվում է` հստակ ոչինչ դեռ չկա. այս տարի խաղողագործները կդիմե՞ն «հին մեթոդին»` փողոց փակելուն, պարզ կդառնա մթերման սեզոնին միայն։
Գյուղացիները փակել են Երևան-Երասխ ճանապարհը. պահանջում են մթերել խաղողը