Հեռակա ուսուցման ընդունելությունը նույնպես այսուհետ կիրականացվի միասնական համակարգով

6 տարի առաջ ընդունված ու առայսօր գործող կարգը հեռակա ուսուցման համար դիմող դիմորդին թույլ է տալիս մասնակցել միայն մեկ բուհի ընդունելության մրցույթին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանդես է եկել իրավական կարգավորման առաջարկով, որի ընդունումից հետո պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի հեռակա ուսուցման ընդունելության գործընթացը կհամապատասխանեցվի առկա ուսուցման համար գործող կանոններին։
550 անվճար տեղ թափուր է. ամփոփվել են բուհական ընդունելության հիմնական փուլի արդյունքները
Դրա համար նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2016 թվականի հրամանում, որն առայսօր գործում է ու կարգավորում հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ոլորտը։
6 տարի առաջ ընդունված ու առայսօր գործող կարգի համաձայն` հեռակա ուսուցման համար դիմորդը կարող է հայտագրել և մասնակցել միայն մեկ բուհի ընդունելության մրցույթին` հանձնելով համապատասխան քննությունները:
Ներկայացված փոփոխության նախագծով առաջարկվում է բուհերում հեռակա ընդունելությունն իրականացնել նույն կերպ, ինչ առկա ուսուցման պարագայում` միասնական քննությունների համակարգով` դիմորդին հնրավորություն տալով հայտում նշել մի քանի բուհեր։
Ընդ որում`եթե մինչև հիմա հեռակա ուսուցման դիմումների ընդունմամբ ու ընդունելությամբ զբաղվում էր ԿԳՄՍ–ն, ապա նոր հրամանի ընդունումից հետո այդ գործոռույթը ևս փոխանցվելու է ընդունելության մրցույթը կազմակերպող ԳԹԿ-ին։
Դիմումների հայտագրումն էլ կատարվելու է ԳԹԿ–ի կայքի միջոցով։
Պետական բուհերում 28 մասնագիտությամբ դիմորդ չկա. ինչ է փոխվելու համակարգում եկող տարի
Նոր կարգավորումը, ԿԳՄՍ–ի համոզմամբ, հնարավորություն կտա ավելի արդյունավետ և կանոնակարգված դարձնել հեռակա ուսուցման ընդունելության գործընթացը:
ԿԳՄՍ նախարարի հրամանը նախատեսվում է հաստատել ս.թ. հուլիսի 20-ից հետո։ Այն կկիրառվի 2022/2023 ուստարվա հեռակա համակարգի ընդունելության ընթացքում: