Բրուտ, դարբին, արծաթագործ. վարպետաց քաղաքը հյուրընկալել է վարպետների ՀՀ տարբեր մարզերից

Հայկական գործերի կողքին ռուսական ու բելառուսական արվեստն ու արհեստն էր, նրանց ազգային երգն ու պարը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Գյումրիում այսօր մեկնարկել է «Գյումրի. վարպետաց քաղաք» արհեստների փառատոնը:
Փառատոնի շրջանակում Վարդանանց հրապարակում տեղադրված ավելի քան վաթսուն տաղավարներում ցուցադրվում են ժողովրդական արհեստների և արվեստների տարբեր գործեր ասեղնագործությունից, գորգագործությունից, խեցեգործությունից ու տիկնիկագործությունից:
«Գյումրի. վարպետաց քաղաք» արհեստների փառատոնը
Ծովակ Գանռարճեանը Երևանից է եկել մասնակցելու փառատոնին՝ գյումրեցիներին ու քաղաք այցելած հյուրերին զարմացնելու իր ասեղնագործ աշխատանքերով:
Ծովակ Գանռարճեան
«Սա հրաշալի առիթ է ինչպես Գյումրին բացահայտելու, այնպես էլ մեր գործերը գյումրեցիներին ներկայացնելու համար: Ասեղնագործությունը հայ ազգի պատմությունն է: Ուրախ եմ, որ երիտասարդների շրջանում այսօր էլ հետաքրքրություն կա ասեղնագործության հանդեպ»,-Sputnik Արմենիային ասաց Ծովակ Գանռարճեանը:
Էլ ինչ փառատոն առանց տանտիրոջ «հյուրասիրության»։ Գյումրին ինքն էլ ներկայացել էր իր ավանդական արհեստներով՝ արծաթագործությամբ, կավագործությամբ, դարբնագործությամբ և այլն: Ցուցադրության հետ մեկտեղ բոլոր ցանկացողների համար տեղում վարպետաց դասեր էին:
«Գյումրի. վարպետաց քաղաք» արհեստների փառատոնը
Լևոն Հովհաննիսյանը 16 տարի է` զբաղվում է կավագործությամբ: Ասում է` հարազատների մեջ բրուտներ թեև չեն եղել, ինքը տեսել ու սիրահարվել է այս մասնագիտությունը, հիմա էլ փոքր` 5–ամյա որդին է պարբերաբար արվեստանոցում հոր կողքին փորձում նստել բրուտանիվի վրա:
Լևոն Հովհաննիսյան
Հայկական գործերի կողքին ռուսական ու բելառուսական արվեստն ու արհեստն էր, նրանց ազգային երգն ու պարը:
«Այստեղ այսօր ներկայացնում ենք Հայաստանում ռուսական համայնքը: Ներկայացնում ենք ռուսական տարազներով տիկնիկներ, ունենք նաև մշակութային հատված »,-նշեց Ելենա Հակոբյանը:
Ելենա Հակոբյան
Երգ, պար, լարախաղաց... Գյումրին ուրախ ու հետաքրքիր ժամանց է խոստանում ողջ օրվա ընթացքում:
«Փառատոնը շարունակական է լինելու ամեն տարի կազմակերպվելով Հայաստանի տարբեր համայնքներում՝ այդ կերպ նպաստելով ոչ միայն համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու փոխանցմանը, այլև խթանելով Հայաստանում մշակութային զբոսաշրջության զարգացմանը»,-լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:
«Գյումրի. վարպետաց քաղաք» արհեստների փառատոնը
Նշենք, որ փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գյումրու համայնքապետարանի և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի համագործակցությամբ:
1 / 3

«Գյումրի. վարպետաց քաղաք» արհեստների փառատոնը

2 / 3

«Գյումրի. վարպետաց քաղաք» արհեստների փառատոնը

3 / 3

«Գյումրի. վարպետաց քաղաք» արհեստների փառատոնը