Արխանգելսկի մարզում 16 մարդ է տուժել ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ–ի հետևանքով

Տուժածներից մի քանիսին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում, մյուսները հիվանդանոց են տեղափոխվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի Sputnik. Արխանգելսկի մարզի Սևերոդվինսկում ավտոբուսի և բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 16 մարդ է տուժել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ՆԳՆ մարզային գլխավոր վարչությունից։
Այսօր` ժամը 11.45–ի սահմաններում, ոստիկանություն հաղորդում է ստացվել Սևերոդվինսկում` Սովետսկայա և Ժելեզնոդորոժնայա փողոցների խաչմերուկում, ավտոբուսի և բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած ՃՏՊ–ի մասին։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել Պետական ավտոտեսչության աշխատակիցներն ու արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները։
«Նախնական տվյալներով` ավտոբուսի վարորդը (1976 թվականին ծնված տղամարդը) չի պահպանել անվտանգ հեռավորությունն ու բախվել է առջևից ընթացող բեռնատար «ԿամԱԶ»–ին։ Վթարի հետևանքով ավտոբուսի 16 ուղևոր վնասվածքներ են ստացել», – հայտնել է գերատեսչությունը։
Նշվում է, որ տուժածներից մի քանիսին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել, 10 մարդ հիվանդանոց են տեղափոխվել բուժզննում անցնելու նպատակով։
Ներկա պահին դեպքի վայրում աշխատում է ՌԴ Սևերոդվինսկի ՆԳՆ–ի քննչական օպերատիվ խումբը, պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները։
Կամչատկայում ուղղաթիռ է կորել