Սահմանազատման հանձնաժողովների երկրորդ հանդիպումը նախատեսված է օգոստոսին

Հայկական ու ադրբեջանական դիրքեր. Արխիվային լուսանկար
Ալիևը խոսել է սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպման մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների երկրորդ հանդիպումը նախատեսված է օգոստոսին։ 2022 թվականի առաջին կիսամյակի արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ–ներից։
«Հաջորդ ամիս նախատեսվում է անցկացնել հանձնաժողովների երկրորդ հանդիպումը։ Կարծում եմ, որ երկրորդ հանդիպումը նվիրված կլինի արդեն գործնական հարցերի քննարկմանը»,–ասել է Ալիևը։ Նրա խոսքով` առաջին հանդիպումն ավելի շատ ճանաչողական բնույթ է կրել։
Հիշեցնենք՝ մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում էր ստորագրել։ Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։
Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի էր ունեցել Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։
Հունիսի 21-ին հայտնի դարձավ, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները հանդիպել են Սանկտ Պետերբուրգում։