Ռուդենկոն Բաքվի և Երևանի փորձագետների հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները

Հայաստանի և Ադրբեջանի փորձագետների հանդիպումը կազմակերպվել է Մոսկվայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն Ադրբեջանի և Հայաստանի փորձագետների հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը, այդ թվում` խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտին։
Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի փորձագետների հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 15-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի և Միջազգային հարցերով ռուսական խորհրդի աջակցությամբ:
Բաքվի ու Երևանի կողմից որպես համակարգողներ են հանդես եկել Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը և «Օրբելի» վերլուծական կենտրոնը:
Ըստ հաղորդագրության` հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանազատման/սահմանագծման խնդիրները, խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարները, ինչպես նաև հումանիտար հարցերն ու կողմերի միջև վստահության ամրապնդման հնարավոր միջոցները:
Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում հանդիպել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա են եղել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նման հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:
Մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել։ Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։
Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։
Հունիսի 21-ին հայտնի դարձավ, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները հանդիպել են Սանկտ Պետերբուրգում։