ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Դատարանի նիստերի դահլիճում մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը «Դիմադրություն» շարժման ակցիայի ժամանակ հայտարարեց, որ սոցցանցերում ինչ–որ պաշտոնական շրջանակներ սկսել են սլաքներն ուղղել դեպի քրեակատարողական հիմնարկ։
«Այսօր, երբ ես շատ մեծ պատասխանատվություն եմ զգում Արմենի հիշատակի առջև, ուզում եմ անկեղծորեն ասել, որ քրեակատարողական հիմնարկում մենք չենք տեսել Արմենի հանդեպ որևէ վատ վերաբերմունք»,– ասաց նա։
Մելիքյանի խոսքով` ՔԿՀ–ում եղել են մանր–մունր խնդիրներ, որոնք շատ արագ լուծվել են։
«Եթե ինչ–որ մարդիկ կային, որ մտածում էին` Արմենը ՔԿՀ–ում նեղվելու է, որովհետև իրեն նեղելու են, այդպիսի բան չի եղել»,–ասաց նա և ավելացրեց` խնդիրն այն է, թե ինչու առհասարակ Գրիգորյանը պետք է հայտնվեր ՔԿՀ–ում, երբ և ովքեր են նստեցրել նրան, ում հրամանով։
Պաշտպանը շեշտեց` Արմեն Գրիգորյանը ՔԿՀ–ում է հայտնվել բացառապես իր քաղաքական հայացքների համար։
«2021 թվականի ապրիլին մի հաղորդման ժամանակ ասած մի քանի էմոցիոնալ խոսքի համար, որը հիշեցին 2022 թվականի մայիսին»,– մանրամասնեց Մելիքյանը։
«Արմեն Գրիգորյանին սպանողներին մի փնտրեք ՔԿՀ–ում, նրանք այնտեղ չեն, ման եկեք այդ գրիչի հարվածները դնող քննիչների, դատախազների, դատավորների ու նրանց պատվեր տվողների մեջ»,– եզրափակեց պաշտպանը։
Հիշեցնենք` հասարակական գործիչ և կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատական նիստի ժամանակ։ Ներկաները փորձել են առաջին օգնություն ցուցաբերել, սակայն դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադն արձանագրել է նրա մահը։
Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու մեղադրանքով: Ըստ մեղադրանքի` նա, անտեսելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված կարգը, «Հայելի» հաղորդաշարի ընթացքում անպարկեշտ ձևով նսեմացրել է Շիրակի մարզի և Արարատյան դաշտի բնակչությանը:
Արմեն Գրիգորյանը կալանավորված էր մայիսի 18-ից։
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր նրա նկատմամբ քրեական գործով առաջին դատական նիստը։ Արմեն Գրիգորյանը դատական նիստի ժամանակ ընկավ, րոպեներ անց հայտնի դարձավ, որ նա մահացել է։