Մարտական սպան` քաղաքական պաշտոնում. ի՞նչ է հայտնի ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նոր ղեկավարի մասին

Նշանակումը կապված է ԱԺ-ի հավանությանն արժանացած վերջին փոփոխությունների հետ` Գլխավոր շտաբի պետն այժմ դառնում է նախարարի առաջին տեղակալը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ ղեկավարի` գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի մասին քիչ բան է հայտնի։ Նա Հադրութի շրջանի Ազոխ գյուղից է, ամուսնացած է, երկու երեխա ունի։
Մինչ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ դառնալն Ասրյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել. եղել է զորամասի հրամանատար, 2021 թվականի մայիսին նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր օպերատիվ վարչության պետ և գլխավոր շտաբի պետի տեղակալ (և նույն թվականի սեպտեմբերին ազատվել զբաղեցրած պաշտոնից):
Գլխավոր շտաբում Sputnik Արմենիայի աղբյուրները բնութագրում են Ասրյանին որպես բավական փորձառու զինվորական՝ լավ, «չփչացած» վարկանիշով։
Ասրյանը մինչև շտաբային պաշտոնների անցնելը ղեկավարել է Արցախի մի շարք զորամասեր, այդ թվում՝ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող միավորումներ:

«Նա իսկական մարտական սպա է, որը հասցրել է առաջնագծում տարբեր միջադեպերի և դիվերսիաների ժամանակ «վառոդի հոտը զգալ», լավ գիտի իրավիճակը «երկրի վրա»։ Զորքերում նրան հարգում են։ Իսկ օպերատիվ աշխատանքի փորձը նրան թույլ կտա խնդիրները հաջողությամբ լուծել արդեն նոր կարգավիճակում»,- ասաց մեր զրուցակիցը։

Ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը, սակայն, այլ կարծիք ունի։ Ասում է` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը փոփոխություններից հետո պետք է «քաղաքականապես հասուն» մարդ զբաղեցներ։
Որևէ խնդիր չկա, որ ոչ զինվորականը կարող է ղեկավարել ԳՇ պետին. Արման Սարգսյան
Իշխանությունը փորձել է «պարզեցնել» գերիշխանությունը, ենթակայության համակարգը։ Սակայն խնդիրն այն է, որ, օրինակ, Ռուսաստանը կարող է իրեն նման մոդել թույլ տալ ոչ միայն իրավական, կազմակերպչական, տեխնիկական, ռեսուրսային, ժողովրդագրական առումով, այլև հաշվի առնելով կառավարման նախագահական մոդելը։ Իսկ Հայաստանում խորհրդարանական կառավարման ձևը և գլխավոր շտաբի այսօրվա պետը, լինելով «պրոֆեսիոնալ զինվորական», նույն քաղաքական պատասխանատվությունն է կրում, ինչ խորհրդարանական մեծամասնությունը։

«Պաշտպանության նախարարը խոսել է քաղաքացիական վերահսկողության բարձրացման մասին։ Բայց Զինված ուժերի նկատմամբ լիարժեք քաղաքացիական վերահսկողություն չի լինի, իսկ քաղաքական վերահսկողությունը կուժեղանա՝ բոլոր բացասական հետևանքներով»,- ասաց Ներսիսյանը։

Գլխավոր շտաբի պետի պաշտոնի քաղաքականացումը նրա բուն լիազորությունների վրա դրական չի անդրադառնա, քանի որ փոփոխությունները կառուցվածքային բնույթ չեն կրում։ Իսկ այլ երկրի կառավարման համակարգի պատճենումը կարող է վատ հետևանքներ ունենալ։
Փորձագետը Գլխավոր շտաբի նոր պետի վերաբերյալ անձնական գնահատականներ չտվեց, մանավանդ որ կառավարման ներկայիս համակարգում, ըստ նրա, «ամեն ինչ կախված է մեկ մարդուց»։ Բայց եթե իշխանությունը գնաց այդ ճանապարհով, ապա գլխավոր շտաբի պետի պաշտոնում պետք է նշանակվեր «քաղաքականապես հասուն» մարդ, որը կկիսեր ողջ պատասխանատվությունը։
Հիշեցնենք, որ «Պաշտպանության մասին» օրենքի փոփոխությունների համաձայն՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այսուհետ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի կարգավիճակ կունենա: