Կանադան ընդլայնել է պատժամիջոցները ՌԴ-ի նկատմամբ

Պատժամիջոցների տակ հայտնվել են սև մետալուրգիան, պատրաստի մետաղական իրերի, համակարգիչների, էլեկտրոնիկայի արտադրությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Կանադայի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ՌԴ տնտեսության նավթագազային, քիմիական և արդյունաբերական այլ ոլորտների նկատմամբ։ Այս մասին ասվում է Կանադայի կառավարության տարածած հայտարարության մեջ։
«2022 թվականի հուլիսի 14-ին Կանադան լրացուցիչ փոփոխություններ է արել տնտեսական հատուկ միջոցառումների (Ռուսաստան) մասին դրույթներում, որոնք արգելում են երկու արտադրական ծառայությունների մատուցումը ռուսական նավթագազային, քիմիական և վերամշակող արդյունաբերությանը»,- ասվում է փաստաթղթում։
Պատժամիջոցների տակ են մասնավորապես հայտնվել սև մետալուրգիան, պատրաստի մետաղական իրերի, համակարգիչների, էլեկտրոնիկայի, օպտիկայի, էլեկտրական սարքավորումների և տրանսպորտային միջոցների արտադրությունները, ինչպես նաև վերգետնյա տրանսպորտն ու խողովակաշարերը։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Կանադայի իշխանությունները հայտարարել էին ռուսական ոսկու և դրանից պատրաստված մի շարք իրերի ներմուծման արգելքի մասին։
Հիշեցնենք` փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։