ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանին տուգանել է 2 միլիոն դրամով: Տեղեկությունը հրապարակվել է տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում։
Ըստ հաղորդագրության` «Սևան» ազգային պարկում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քաղաքացի Գ․ Գևորգյանը տարածքում գործող «Փարվանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ ինքնակամ երկաթյա կոնստրուկտորներով տաղավար է կառուցել։
«Իրավախախտման հայտնաբերման մասին տեսչական մարմինը ծանուցել է Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանին։ Որոշ ժամանակ անց կրկնակի ստուգումների արդյունքում պարզվել է, որ ինքնակամ շինարարական աշխատանքների հետևանքները ոչ միայն չեն վերացվել, այլև աշխատանքները շարունակվում են»,–ասված է հաղորդագրությունում։
Սևանի ղեկավարին կրկին զգուշացրել են, սակայն պատասխան գրություն չեն ստացել։ Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման կամ ապամոնտաժման մասին որոշում չկայացնելու համար օրենքով սահմանված կարգով Սևանի քաղաքապետը տուգանվել է։