Գորիսն ու սահմանամերձ բնակավայրերը ջրազրկված են. համայնքապետարանը զգուշացնում է

Գորիսի համայնքապետարանի շենքը
Գորիսի համայնքապետարանը վստահեցնում է, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը չի պատասխանում հեռախոսազանգերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Սյունիքի մարզի Գորիս քաղաքն ու սահմանամերձ բնակավայրերը ջրազրկված են։ Տեղեկությունը հայտնում է Գորիսի համայնքապետարանը և մեղադրում «Վեոլիա ջուր» ընկերությանը։
««Վեոլիա ջուր» ընկերությունը գրեթե ամեն օր առանց զգուշացման կատարում է ջրանջատումներ. ամառվա այս շոգ օրերին ջրանջատումների պատճառով Գորիսի համայնքապետարան բազմաթիվ քաղաքացիներ են դիմում՝ հայտնելով իրենց դժգոհությունները: Ընկերությունում հեռախոսազանգերին չեն պատասխանում, որևէ կերպ քաղաքացիներին սպառիչ պատասխան չի տրվում»,– ասված է հաղորդագրությունում:
Թեև Գորիսի համայնքապետարանը ընկերության գործունեությունը վերահսկելու որևէ իրավասություն չունի, սակայն, բազմաթիվ բնակիչների դժգոհությունները հաշվի առնելով, հորդորում է հետևողական լինել խնդրի լուծման հարցում, հակառակ դեպքում համայնքապետարանը հանդես կգա առավել կոշտ դիրքորոշմամբ։
«Վեոլիա ջուր» ընկերությունից Sputnik Արմենիային խոստացան Գորիսի տեղամասից ճշտել խնդրի պատճառը և մանրամասները հայտնել ավելի ուշ։