Ղարիբջանյան և Գետք գյուղերի բնակիչները բացեցին ճանապարհը. նրանց լուծում են առաջարկել

Այս գյուղերում բնակիչները մշտապես օգտագործել են միայն իրենց առկա ջրի պաշարները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ Շիրակի մարզի Ղարիբջանյան և Գետք գյուղերի բնակիչներն ավարտեցին ոռոգման ջրի խնդրի հարցով բողոքի ակցիան և բացեցին Գյումրի–Արմավիր ավտոճանապարհը։
Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից հայտնում է, որ գյուղերի բնակիչները ճանապարհը փակ պահելուց հետո հարցը քննարկեցին Ղարիբջանյանի վարչական կենտրոնում` Շիրակի մարզպետարանի, «Շիրակ» ՋՕԸ –ի և Ախուրյան խոշորացված համայնքի պատասխանատուների հետ:
Sputnik Արմենիայի հետ զրույցում Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը նշեց, որ վերջին օրերին արձանագրված շոգ եղանակի հետ կապված՝ խնդիրն ավելի է սրվել: Գյուղացիները բողոքում են, որ բերքը փչանում է։
«Ղարիբջանյանն ամբողջությամբ ու Գետքի մի մասը չեն հանդիսանում Շիրակ ջրօգտագործողների ընկերության անդամ,և ընկերությունն այստեղ նրանց ջուր չի տրամադրում։ Այս գյուղերում միշտ օգտագործել են միայն իրենց ունեցած ջրի պաշարները: Շոգերին զուգահեռ ոռոգման սեզոնն է սկսվել, ավելացել են նաև ցանքատարածությունները, դրանով պայմանավորված էլ խնդիրը լրջացել է»,- նշեց Համայակյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ խնդրի լուծման տարբերակն այս պահին մեկն է` այդ հատվածների բնակիչները պետք է անդամակցեն Շիրակ ՋՕԸ–ին, մինչ համայնքը կփորձի ոռոգման ցանցի խնդրով սուբվենցիոն ծրագրեր ներկայացնել կառավարությանը։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից Ղարիբջանյան և Գետք գյուղերի բնակիչները փակել էին Գյումրի–Արմավիր ճանապարհն ու պահանջում էին, որ ոռոգման ջրի հետ կապված խնդիրները լուծում ստանան։ Բնակիչները նշում էին, որ մինչ գյուղ հասնելը ջուրն անցնում է Ազատան գյուղով, որն արդեն հասցրել է 3 անգամ ոռոգում իրականացնել, իսկ իրենք դեռ ջրի են սպասում։