ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու գաղափարի շուրջ մտահոգություն ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումայանը չունի, նրան կմտահոգի այն հարցը, եթե առանց նախագծի շինարարական աշխատանքներ ընթանան։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Դումանյանը` անդրադառնալով արձանի տեղադրման շուրջ ծավալվող քննադատություններին։
Նշենք, որ մասնագետները, ԳԱԱ երկրաբանության ինստիտուտն ահազանգել էին` Հատիս լեռան գագաթին հնագիտական հուշարձան կա, որի տարածքում շինաշխատանքները պետք է արգելվեն։
Լրագրողները հետաքրքրվեցին նախարարից` ի վերջո, այս ամենը հաշվի առնելով, արձանը կտեղադրվի՞ հենց Հատիսի բարձունքում, թե՞ ոչ։
«Հարցն ուղղեք գաղափարի տիրոջը... Հարցն ուղղեք արձանը տեղադրող կազմակերպությանը, ինչո՞ւ եք ԿԳՄՍՆ-ին հարցնում։ Մեզ դեռ նախագիծ չի ներկայացվել, և այդ հարցը կքննարկենք, երբ այն կներկայացվի։ Ամեն դեպքում, լուրերը, թե արդեն իսկ շինարարություն է ընթանում, պարզվեց, որ ճիշտ չեն, քանի որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական ընկերությունը հայտարարեց` շինաշխատանքներ չեն ընթանում»,- ասաց Դումանյանը։
Նա համեմատության համար նշեց` ժամանակին, երբ Փարիզում Էյֆելյան աշտարակը պետք է կառուցվեր, մեծամասնությունը դեմ էր դրան։
Նախարարի խոսքով` որևէ դեպքում ոչինչ անձով չի պայմանավորված, և ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակում։
Ինչ վերաբերում է եկեղեցու դիրքորոշմանը, որն ավելի վաղ հայտարարել էր` արձանաշինությունը հարիր չէ Հայ առաքելական եկեղեցուն, Դումանյանը նշեց, թե այն շատ հստակ և շատ խիստ ու որոշիչ չէ։
Հիշեցնենք` Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին Ծառուկյանը տեղեկացրել էր հունվարի 14-ին և ընդգծել` նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում, որի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն էր։
ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ` միայն արձանի բարձրությունը (առանց պատվանդանի) պետք է լինի 33 մետր։
Մարտի 24-ին Հայ առաքելական եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ` Գագիկ Ծառուկյանին հորդորելով զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։ Նշվում էր, որ նման արձանը հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։ Սակայն եկեղեցու դիրքորոշումը Ծառուկյանին հետ չպահեց իր մտքից, ավելին` նա ի պատասխան 3 հակափաստարկ ներկայացրեց ու շարունակեց նախագծի իրագործումը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին կառավարության նիստում հայտարարեց, որ դեմ չեն Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու նախաձեռնությանը: Ավելին` Փաշինյանը պետական կառավարման մարմիններին հանձնարարեց սեղմ ժամկետում ընդունել ենթաօրենսդրական ակտեր, որոնք անհրաժեշտ են նախաձեռնությունը իրականացնելու համար:
Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները մեկնարկել են հուլիսի 9-ին։
ԿԳՄՍ նախարարությունը հուլիսի 11-ին հայտարարեց, որ ընդունելի համարելով Հիսուս Քրիստոս մոնումենտալ արձանի գաղափարը, պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։