Սաուդյան Արաբիան կրկնապատկել է ռուսական մազութի ներկրումը

Սաուդյան Արաբիան այս տարվա ապրիլ-հունիս ամիսներին 647 հազար տոննա (օրական 48 հազար բարել) մազութ է ներկրել Ռուսաստանից ռուսական և էստոնական նավահանգիստների միջոցով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Սաուդյան Արաբիան տարվա երկրորդ եռամսյակում կրկնապատկել է ռուսական մազութի ներկրումը էլեկտրաէներգիայի արտադրության համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Reuters գործակալությունը:
Գործակալության տրամադրության տակ են հայտնվել թրեյդերների փաստաթղթերն ու հայտարարությունները։
«Սաուդյան Արաբիան, որն աշխարհում նավթի խոշորագույն արտահանողն է, երկրորդ եռամսյակում ավելի քան երկու անգամ ավելացրել է ռուսական մազութի ներմուծման ծավալը։ Դա թույլ կտա էլեկտրակայաններն ապահովել էլեկտրաէներգիայով՝ ամառային սառեցման ու արտահանման համար սեփական նավթի թողարկման պահանջարկը բավարարելու նպատակով»,-գրում է Reuters-ը:
Գործակալության կողմից Refinitiv Eikon-ի նավերի հետագծման համակարգի միջոցով ստացված տվյալների համաձայն՝ Սաուդյան Արաբիան Ռուսաստանից ռուսական և էստոնական նավահանգիստներով 647 հազար տոննա մազութ է ներկրել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 320 հազար տոննայի դիմաց: Ընդհանուր առմամբ` 2021 թվականի ընթացքում Սաուդյան Արաբիան ներմուծել է 1,05 մլն տոննա ռուսական մազութ։
Գերմանիան մտադիր է հրաժարվել ռուսական ածխից, իսկ ապագայում՝ նաև նավթից
Գործակալությունն ավելացնում է, որ Սաուդյան Արաբիայում վառելիքի վաճառքի ավելացման փաստը ցույց է տալիս, թե ինչ խնդրի է բախվում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, քանի որ նրա վարչակազմը ձգտում է մեկուսացնել Ռուսաստանն ու կրճատել դրա եկամուտները էներգակիրների արտահանումից: Նշվում է նաև, որ այն դեպքում, երբ շատ երկրներ արգելել կամ չեն խրախուսում գնումները Ռուսաստանից, Չինաստանը, Հնդկաստանը և մի քանի աֆրիկյան ու մերձավորարևելյան երկրներ ընդհակառակը` ավելացրել են ներկրումը: