Ռուսաստանը կողմ է Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին. Զախարովա

Մարիա Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան այսուհետ ևս պատրաստ է աջակցել Երևանին և Անկարային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը մշտապես աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, որը մեկնարկել է հունվարի 14-ին Մոսկվայում ՌԴ միջնորդությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Ռուսաստանն ի սկզբանե ներգրավված է եղել Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, տեղյակ է դրա մասին և իր ներդրումն ունի երկկողմ հարաբերությունների կարգավորման գործում:
«Մենք պատրաստ ենք այսուհետ ևս ամեն կերպ աջակցել հայ-թուրքական երկխոսությանը։ Դա բխում է տարածաշրջանի շահերից, կայունությունից և տնտեսական բարգավաճումից», – ասել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը նախկինում էլ է աջակցել Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։