ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Երևանի Քանաքեռցու փողոցում երեկ կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով Գյումրիի 21-ամյա բնակիչը, գիտակցության չգալով, այսօր ժամեր առաջ հիվանդանոցում մահացել է, հայտնում է քննչական կոմիտեն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 13-ին, ժամը 01:05-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Երևանի տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել Գյումրի քաղաքի 21-ամյա երկու և Երևան քաղաքի 20 և 19-ամյա բնակիչներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել այն մասին, որ ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի Քանաքեռցու փողոցում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ երիտասարդները ստացել են հիշյալ վնասվածքները:
Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանություն) և 167-րդ հոդվածի 1-ին (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում շարունակվում են ձեռնարկվել քննչական և վարութային ակտիվ գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք վկաներ, տուժողներից մեկի մասնակցությամբ կատարվել են լուսանկարով անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է: