Փաստաբանը 2 փաստարկ է ներկայացրել, թե ինչու Միկա Բադալյանի գործը դատական ճակատագիր չունի

Փաստաբանի խոսքով՝ գործի քննության ընթացքն ապահովելու համար քննիչը չի դրսևորել պատշաճ ջանասիրություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Բլոգեր Միկա Բադալյանի գործը դատական ճակատագիր չունի։ Այս հարցում համոզված է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Նա սոցցանցում դրա համար երկու փաստարկ է ներկայացրել։
Նրա խոսքով՝ Բադալյանին այս պահին առաջադրված է մեղադրանք փաստացի ուժը կորցրած օրենքի հիման վրա։
«Բադալյանին ի սկզբանե մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 259-րդ հոդվածով (նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը), սակայն նշված օրենքը համարվում է ուժը կորցրած։ Քրեաիրավական հարաբերությունների տիրույթում հայտնված անձը պետք է իմանա, թե իր կատարած արարքը որ հոդվածով է որակված, որպեսզի տարրական հնարավորություն ունենա գոնե այն բացելու և կարդալու», - նշված է Ալեքսանյանի հրապարակման մեջ։
Քննչական մարմինը հետագայում միջնորդություն է ներկայացրել՝ արդեն գորխող ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Բադալյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Ըստ փաստաբանի երկրորդ փաստարկի՝ քննիչը գործի քննության ընթացքն ապահովելու համար չի դրսևորել պատշաճ ջանասիրություն։
«Ակնհայտ է, որ ի սկզբանե Միքայել Բադալյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելը եղել է ինքնանպատակ, ինչը, մեղմ ասած, անթույլատրելի է», - գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին իր տելեգրամյան էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։
Միկա Բադալյանը պետք է ազատ արձակվի, իսկ քրեական հետապնդումը` դադարեցվի. պաշտպաններ