Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Էմանուել Մակրոնին և կրկին Հայաստան հրավիրել նրան

Մակրոնն ու Փաշինյանը
Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի լուծման գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին շնորհավորական նամակ է հղել Ազգային տոնի առթիվ` նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերը և ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման և արդարացի լուծման գործընթացում։ Տեղեկությունը հրապարակվել է վարչապետի պաշտոնական կայքում։
«Վերահաստատում եմ Հայաստանի վճռական հանձնառությունը՝ հասնել հիմնահարցի խաղաղ ու տևական կարգավորմանը»,–ասել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը Մակրոնին պետական այցով Հայաստան է հրավիրել։
Փաշինյանը նշել է նաև, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ բարեկամությունը՝ հիմնված հազարամյակի պատմություն ունեցող հայ-ֆրանսիական հարուստ շփումների, ինչպես նաև քաղաքակրթական ու արժեքային ամուր հիմքի վրա։
Նրա խոսքով` հայ-ֆրանսիական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը զուգահեռ գործուն քայլեր են ձեռնարկվում Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական կապերի ամրապնդման ու զարգացման ուղղությամբ։ Այս համատեքստում Փաշինյանը կարևորել է նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված՝ Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ. ճանապարհային քարտեզի դրույթների իրականացումը, ինչպես նաև այս տարվա մարտին կազմակերպված «Հավակնություններ. Հայաստան-Ֆրանսիա» համաժողովի շարունակականության ապահովումը։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Փաշինյանը շնորհավորական նամակ էր հղել Մակրոնին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթելու և նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Նա այդ ժամանակ ևս Մակրոնին Հայաստան էր հրավիրել։