Կիրիլ Ռազլոգովի «Հավերժական վերադարձը»... հայկական ակունքներին

Կիրիլ Ռազլոգովը «վերադարձել է» Երևան, բայց այլ կերպարանքով. մայրաքաղաքում տեղի է ունեցել «Հարություն Խաչատրյան. հավերժ վերադարձ» գրքի շնորհանդեսը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հայտնի ռուս կինոգետ Կիրիլ Ռազլոգովը, որը մահացել է անցյալ տարվա սեպտեմբերին, իր կյանքում գրել է ընդամենը երկու գիրք, որոնցից յուրաքանչյուրն ամբողջովին նվիրված է ինչ-որ մեկին. մեկն ամերիկացի մեծ ռեժիսոր Օրսոն Ուելսն է, մյուսը՝ Հարություն Խաչատրյանը։
Ինքը՝ Հարություն Խաչատրյանը, որը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիրն է և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը, նշեց, որ սա իրենց համատեղ ճամփորդությունների արդյունքն է։ Նա մոռացել է իր հետ կապված պատմությունները, իսկ Կիրիլը՝ ոչ։
Կիրիլ Ռազլոգովի «Հարություն Խաչատրյան. հավերժ վերադարձ» գրքի շնորհանդեսը
«Մենք շատ էինք շրջում Կիրիլ Էմիլևիչի հետ, միասին շատ փառատոների ենք մասնակցել, իսկ հիմա կարդում եմ և զարմանում` ի՜նչ շատ բան է նա տեսել, ինչքա՜ն շատ բան է հասկացել»,- վերհիշում է նա:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի համահիմնադիր Միքայել Ստամբոլցյանը, խոսելով Ռազլոգովի հետ կապված հիշողությունների մասին, ասաց, որ նրա հետ ծանոթ են եղել 1964 թվականից:

«Նա կենսասեր, նպատակասլաց և ինքնաբավ մարդ էր։ Նա չէր ընդունվել ՎԳԻԿ, բայց վերադարձել էր այնտեղ որպես դասախոս, երբ նրան չէին ընտրել կինոյի ինստիտուտի տնօրեն։ Նա ստեղծել ու գլխավորել է սեփական ինստիտուտը»,- նշեց կինոգետը։

Կինոգետ Դավիթ Մուրադյանը Կիրիլ Էմիլևիչին մշակույթի մարդ անվանեց։
«Նրա մեջ կար մշակութային աշխարհայացքի և աշխարհընկալման համակարգայնությունը, որը նա տարածում էր իր շուրջը»,- ասաց Մուրադյանը։
Ի դեպ, Ռազլոգովի հետաքրքրությունը ոչ միայն հայկական կինոյի, այլև հենց Հայաստանի նկատմամբ, հնարավոր է, բացատրվում է այն հանգամանքով, որ նրա պապը հայ էր։
Կիրիլ Ռազլոգովի «Հարություն Խաչատրյան. հավերժ վերադարձ» գրքի շնորհանդեսը
Դստեր` Անաստասիայի խոսքով՝ իր հոր համար կարևոր էր, որ գիրքը լույս տեսներ տարբեր լեզուներով, հատկապես հայերեն։

«Հայրիկիս մասին կարող եմ ասել, որ նա իրեն հայ էր համարում, շատ էր սիրում Հայաստանը, «Ոսկե ծիրանը»»,- ասաց նա:

Ի դեպ, այս տարի առաջին անգամ «Ոսկե ծիրան» փառատոնն անցկացվում է առանց Կիրիլ Էմիլևիչի։
Օսկարակիր ռեժիսորներ, «Ոսկե արմավենու» դափնեկիրներ. «Ոսկե ծիրանի» բացումը՝ լուսանկարներով
«Հարություն Խաչատրյան. հավերժ վերադարձ» գիրքն ընթերցողի առջև բացահայտում է կինեմատոգրաֆիական կյանքի լայն համայնապատկերը Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի կինոփառատոներում, խորհրդային և հետխորհրդային տարածքում: Գրքում ներկայացված է տարբեր մշակութային համայնքների փոխգործակցությունը, որոնք ռեժիսորին ոգեշնչում են ստեղծագործական նոր փնտրտուքների և մշտապես վերադարձնում են նրան հայկական մշակույթի ակունքներին ու փոփոխվող աշխարհում իրենց հայրենակիցների ճակատագրին: