ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ճգնաժամային իրավիճակների պատճառով Իրաքի կենտրոնական և հարավային շրջաններից ու Սիրիայից Իրաքյան Քրդստանի տարբեր բնակավայրեր են տեղափոխվել շուրջ 250 հայ ընտանիքներ։
Իրաքի հայ համայնքի` ՀՀ կառավարությանը տրամադրած տվյալներով նրանք գտնվում են կենցաղային ծանր պայմաններում և մարդասիրական աջակցության կարիք ունեն։
Տեղական իշխանությունները, Իրաքի Հայոց առաջնորդարանը, ինչպես նաև միջազգային մարդասիրական կազմակերպությունները նրանց պարբերաբար մարդասիրական օգնություն են տրամադրում, որը, սակայն, բավարար չէ նրանց բնականոն կենցաղն ապահովելու համար։ Մշտապես առկա է սննդի, դեղորայքի, տաք հագուստի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների կարիք։
Հայերից զատ, ծանր կենցաղային պայմաններում են հայտնվել նաև ԻՔ ճամբարներում բնակվող եզդի փախստականները, ներքին տեղահանության ենթարկված քրդերն ու ասորիները։
Մարդասիրական խնդրի լուծման համար ՀՀ կառավարությունն այսօր որոշում է կայացրել Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը հատկացնել 80 000 ԱՄՆ դոլար՝ անհրաժեշտ ապրանքների գնման, օգնության բաշխման նպատակով` յուրաքանչյուր անձի համար շուրջ 100 ԱՄՆ դոլարի հաշվարկով։
Ընդհանուր գումարի մնացորդ 30 000 ԱՄՆ դոլարն էլ կհատկացվի տարբեր ճամբարներում բնակվող եզդի և այլ փոքրամասնությունների փախստականների համար տաքացուցիչներ (ֆուջիկա) և ծածկոցներ ձեռք բերելու համար։