ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Մարտի 1-ից մինչև հուլիսը 1-ն ընկած ժամանակահատվածում ինքնագլոր վարելու հետևանքով ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց վնասվածքներով դիմել է 38 մարդ։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Վնասվածք ստացած անձինք հավասարաչափ արական և իգական սեռի ներկայացուցիչներ են։
«Ինչպես Եվրոպական տարածաշրջանի այլ պետություններում, մեզ մոտ ևս տուժածների մեծամասնությունը՝ 95%-ը, եղել են փոխադրամիջոցը վարած անձինք, իսկ 5%-ը՝ հետիոտներ, որոնք տուժել են ինքնագլորի հետ բախվելու հետևանքով: Հիվանդանոց դիմած բոլոր տուժածները, այդ թվում նաև փոխադրամիջոցները վարող անձինք եղել են չափահաս, մեծամասնությունը՝ 18-30 տարեկան (68%), իսկ 32%-ը` 30 և բարձր տարիքային խմբի ներկայացուցիչներ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Վնասվածքների բնույթի նկարագրով տուժածների 24%-ի մոտ ախտորոշվել են կոտրվածքներ, իսկ մնացած 76%-ի մոտ տարբեր աստիճանի վնասվածքներ, սակայն առանց կոտրվածքի:
Հոսպիտալացում պահանջվել է 2 դեպքում, մնացած բոլորը ստացել են ամբուլատոր բժշկական օգնություն և չեն հոսպիտալացվել:
Վերոնշյալ տվյալները ներկայացնում են միայն մեկ հիվանդանոցային համալիրում գրանցված դեպքերը։ Ըստ «Հերացի» վերլուծականի` հանրապետությունում ինքնագլորների վարելու համար անհրաժեշտ են կարգավորումներ, ինչպես օրենսդրական, այնպես էլ ենթաօրենսդրական մակարդակներում: