Հայաստանը վերջապես ԳՇ պետ ունի. նախագահը հրամանագիր է ստորագրել

Էդվարդ Ասրյան
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը գրեթե հինգ ամիս թափուր էր։ Էդվարդ Ասրյանը Օնիկ Գասպարյանի հայտարարության տակ ստորագրած 44 պաշտոնյաներից մեկն էր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ԶՈւ գլխավոր շտաբի պետ է նշանակել Էդվարդ Ասրյանին։ Հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Էդվարդ Ասրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով»,– ասված է փաստաթղթում:
Ասրյանը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի-ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը (նշանակվել էր 2021թ. մայիսի 21-ին)։ Փետրվարի 25-ին ԶՈւ գլխավոր շտաբի 44 գեներալներ հայտարարություն էին ստորագրել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ասրյանն այդ հայտարարության տակ ստորագրած 44 պաշտոնյաներից մեկն էր:
Հիշեցնենք, որ 2022թ-ի փետրվարի 24-ից ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը թափուր էր։ Այդ օրը Արտակ Դավթյանը երկրորդ անգամ ազատվեց ԳՇ պետի պաշտոնից։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2021-ի մարտի 22-ին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին։ Իսկ մինչ այդ Դավթյանը ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրել էր նաև 2018-ի մայիսից մինչև 2020-ի հունիսն ընկած ժամանակահատվածում։
Փետրվարի 28-ից ԳՇ պետի պարտականությունները կատարում էր ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցը։
Նշենք, որ ԱԺ-ն հուլիսի 7-ին ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ի պաշտոնե կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: