Հայաստանում աշխատատեղերն ու աշխատավարձերն ավելացել են Ռուսաստանի շնորհիվ. ԿԲ նախագահ

Մարտին Գալստյան
Մայիսին Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ էր սահմանել։ Արձանագրվել էր 673 224 վճարովի գրանցված աշխատատեղ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հայաստանում աշխատավարձերի ու աշխատատեղերի վերջին ամիսների աճը պայմանավորված է Ռուսաստանի տնտեսության զարգացումներով։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում գնաճի թեմայով հրավիրած արտահերթ նիստում այս հայտարարությունն արեց Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Մենք այս տարվա ընթացքում ունենք մասնավոր հատվածի աշխատավարձերի մոտավորապես 18 տոկոս աճ, որը հիմնականում ծառայությունների ոլորտով է պայմանավորված, մասնավորապես ՏՏ ընկերությունների կողմից իրենց աշխատակիցների աշխատավարձերն են բարձրացվել»,- ասաց Գալստյանը։

ԿԲ նախագահը նույն հիմնավորմամբ բացատրեց նաև Հայաստանում վերջին ամիսներին գրանցված աշխատատեղերի աճի միտումները։
Հիշեցնենք` մայիսին Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել։ Արձանագրվել է 673 224 վճարովի գրանցված աշխատատեղ։
2021թ-ի մայիսի համեմատ աշխատատեղերի թիվն ավելացել է 38 233-ով կամ 6 տոկոսով, 2019թ-ի մայիսի համեմատ` 72 359-ով կամ 12 տոկոսով, իսկ 2018թ-ի համեմատ` 125 235-ով։
Բացի այդ, մայիսին ՀՀ միջին աշխատավարձը Հայաստանում կազմել է 237 745 դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է շուրջ 26 000 դրամով կամ 12 տոկոսով։