ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Երկու օրից Տվերում՝ ՀՀ Գյումրի ու ՌԴ Տվեր քաղաքների միջև կկնքվի փոխհամագործակցության հուշագիր, որով երկու բնակավայրերը կդառնան քույր քաղաքներ: Մինչ այդ ճանաչողական այցով Գյումրիում է Տվերի պատվիրակությունը, որի անդամներին ընդունեց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը:
Ողջունելով հայ-ռուսական ցանկացած համագործակցություն՝ քաղաքապետը կարևորեց նաև պատմական իրողություները սերունդներին ճիշտ փոխանցելու ու հանուն հայ ժողովրդի իրենց կյանքը զոհած ռուս զինվորականների հիշատակը հարգելու կարևորությունը:
Վարդգես Սամսոնյանն ու Տվերի պատվիրակության ղեկավար Վադիմ Ռեբեչուկը
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Պատվիրակության հաջորդ կանգառը «Պատվո բլուր» հուշահամալիրն էր. այս տարածքում 1828, 1853-1856 և 1877-1878 թվականներին իրենց կյանքն են զոհել ռուս-թուրքական պատերազմների մասնակից ռուս զինվորականները: Արդեն հայտնի անունների կողքին այսօր բացվեց նոր հուշատախտակ Տվերի դրագունյան գնդի հերոսների անուններով:
«Պատվո բլուր հուշահամալիրը հայ-ռուսական դարավոր բարեկամության և ռազմական դաշնակցության լավագույն օրինակներից մեկն է: Տվերցի զոհված հերոսների անուններով նոր հուշատախտակի բացումը ևս մեկ առիթ է մեր հարգանքի տուրքը մատուցելու 1853-1856 և 1877-1878 պատերազմներում զոհված զինվորների հիշատակին»,- իր խոսքում նշեց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը:
Հուշատախտակի բացման հանդիսավոր արարողության ժամանակ
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ողջունեց հյուրերի այցը Գյումրի՝ փաստելով, որ դրագունյան գնդի մասին մոռացված փաստերը վերհանելու գաղափարը Տվերի «Եկատերինա Բակունինայի անվան գթասրտության քույրեր» բարեգործական հիմնադրամի ղեկավար Հայր Ռոմանինն էր, որը մասնագիտությամբ պատմաբան է։ Հենց նա էլ հուշատախտակ դնելու նպատակով հանգանակություն է կազմակերպել Տվերում։
Գյումրիում աշխատանքները համակարգել է «Ռոտարի» ակումբը: «Ընդհանուր առմամբ, մոտ 300 զինվորների աճյուններ են ամփոփված այս բլուրի տարածքում, նրանցից 150-ի անուններն արդեն հուշատախտակներին էին: Շնորհիվ Հայր Ռոմանի, դրագունյան գնդի հերոս 8 զինվորների անուններ ևս հավերժացան Գյումրիում»,- իր խոսքում նշեց «Ռոտարի» ակումբի անդամ Սերգեյ Նազարեթյանը:
Նույն տարածքում բացվեց նաև 1855 թվականին Կարսի գրավման ժամանակ զոհված դրագունյան գնդի հրամանատար Իոսիֆ Կուկոլևսկու հուշաքարը:
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին ու մեկ րոպե լռությամբ հարգեցին դրագունյան գնդից, ինչպես նաև բլրի տարածքում զոհված մյուս հերոսների հիշատակին: