Եթե դրամը չարժևորվեր, Հայաստանը 3 ամսում 3 տոկոս գնաճ կարձանագրեր

Մարտին Գալստյան. Արխիվային լուսանկար
ԿԲ նախագահն այսպես է մեկնաբանում գնաճը զսպելու ուղղությամբ առայժմ քայլեր չձեռնարկելու ԿԲ–ի քաղաքականությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Դրամի արժևորման շնորհիվ Հայաստանում գնաճը ավելի ցածր է եղել։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում գնաճի թեմայով հրավիրած արտահերթ նիստում ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ, եթե մենք չունենայինք այն արժևորումը, որ ունեցանք ապրիլ, մայիս, հունիս ամիսներին, մեր գնաճը մայիսին` ապրիլի նկատմամբ կլիներ ոչ թե 0.1 տոկոս, ինչպես եղել է, այլ 0.9 տոկոս, այսինքն` 9 անգամ ավելի»,– ասաց Գալստյանը։
ԲԿ նախագահի դիտարկմամբ, եթե դրամը այդ ամիսների ընթացքում չարժևորվեր, ապա ամեն ամիս հայաստանում գրեթե 1 տոկոս գնաճ կգրանցվեր։
«Եթե մոտավոր հաշվարկներ անենք, մենք մոտավորապես 3 տոկոս ավելի գնաճ կունենայինք»,– ասաց Գալստյանը` նաև սրանով մեկնաբանելով գնաճը զսպելու ուղղությամբ առայժմ քայլեր չձեռնարկելու ԿԲ–ի քաղաքականությունը։
Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն, 2022թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանում գնաճը կազմել է 8.1%։ Հունիսին` 2021թ–ի հունիսի նկատմամբ, սպառողական գները բարձրացել են 10.3%–ով, իսկ 2022թ–ի մայիս ամսվա նկատմամբ՝ 0.3%–ով: