ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ադրբեջանցիները Խաչիկ գյուղի 60-ամյա բնակչին իր կամքին հակառակ տեղափոխել են Ադրբեջանի Նախիջևանի ինքնավար մարզ։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ-ն` մանրամասներ հայտնելով դեռ նախորդ ամիս տեղի ունեցած դեպքից։
Sputnik Արմենիան այսօր անդրադարձել էր այս դեպքին. ոստիկանությունից հայտնել էին` հունիսի 3-ին տղամարդը դուրս եկել տնից և հունիսի 12-ին վերադարձել տուն։ Աշոտ Խաչատրյանի` ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքի առթիվ քննություն է ընթանում։
«Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի բնակիչ Ա.Խ.-ն հունիսի 3-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, բոխի հավաքելու նպատակով միայնակ գնացել է գյուղի և Ադրբեջանին սահմանակից «Ջաղացի ձոր» կոչվող տարածք։ Այնտեղ նրան են մոտեցել ինքնությունները դեռևս չպարզված 3 ադրբեջանցիներ և իր կամքին հակառակ տեղափոխել են Ադրբեջանի Նախիջևանի ինքնավար մարզ»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ հունիսի 12-ին Ա.Խ.-ին վերադարձրել են «Ջաղացի ձոր» կոչվող տարածք, որտեղից վերջինս վերադարձել է Խաչիկ գյուղ:
Նախաքննության ընթացքում հարցաքննություններ են կատարվել:
Հավելենք, որ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի` մարդուն առևանգելու հատկանիշներով։