Էկոնոմիկայի փոխնախարարը կառավարությանը կոչ արեց լուծում գտնել. ֆինանսների նախարարը սաստեց

Անի Իսպիրյանն առաջարկեց 100 դրամով նվազած յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց արտահանողներին սուբսիդավորել առնվազն 50 դրամով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հայաստանի արտահանողների խնդիրներն այսօր մեծագույն են։ Այսօր ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում գնաճի թեմայով հրավիրած արտահերթ նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։
«Խնդրի մեծությունը դժվար է նկարագրել։ Խոշորագույն ընկերությունները և գործատուները, որոնք ունեն հազարավոր աշխատակիցներ, արդեն դադարեցնում են իրենց զարգացման պլաններն իրականացնել, որը նույնիսկ կարող է մեզ վաղաժամ ռեցեսիայի բերել»,– ասաց փոխնախարարը։
Նա նաև նշեց, որ հարցի լուծում կարող է դառնալ արտահանող ընկերություներին պետական սուբսիդավորման տրամադրումը։
Իսպիրյանն առաջարկում է` եթե դոլարի փոխարժեքը նվազել է շուրջ 100 դրամով, ապա կնքված պայմանագրերի արժեքը պետք է սուբսիդավորվի` յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց առնվազն 50 դրամ բանաձևով։
«Կա՛մ մենք սուբսիդավորում ենք, կա՛մ արժեզրկում ենք դրամը»,– ասաց Իսպիրյանը` հավելելով, որ առաջարկն իրենը չէ, այլ էկոնոմիկայի նախարարությանը։
Փոխնախարարը ԱԺ քննարկմանը ներկա գործընկերներին հորդորեց հարցին շուտափույթ լուծում գտնել, քանի դեռ հայաստանում գործազրկության նվազումը դարձյալ աճի չի վերածվել։
Անի Իսպիրյանի ելույթին արձագանքեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Նկատի ունեցեք, որ այստեղ կառավարության տեսակետը ներկայացնելու դահլիճ է, և, եթե մի բան քննարկված ու համաձայնեցված չէ, ապա ճիշտ չէ այս դահլիճում լուծումներ փնտրելու վերաբերյալ առաջարկ անել։ Դա կառավարությա աշխատանքին հակասող եղանակ է»,– ասաց ֆինանսների նախարարը։
Հայաստանում աշխատատեղերն ու աշխատավարձերն ավելացել են Ռուսաստանի շնորհիվ. ԿԲ նախագահ
ԿԲ–ի տվյալներով` Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ամերիկյան դոլարի փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ կտրուկ բարձրացել էր` մարտի 11-ին հասնելով 518.28 դրամի։
Դրանից հետո դոլարի փոխարժեքը Հայաստանում սկսեց դանդաղ, բայց հաստատուն նվազել` կապված դոլարի պահանջարկի նվազման ու ռուբլու արժևորման հետ։
Մասնագետների պնդմամբ, դրամի արժևորումից ամենաշատը տուժում են հատկապես Հայաստանից ապրանք արտահանողները։