ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Երևանի Ջրվեժ թաղամասում դանակահարություն է տեղի ունեցել, ձերբակալվել է 19-ամյա երիտասարդ։ Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, իրականացվում են վարութային և քննչական գործողություններ՝ Ջրվեժում երկու անձի դանակահարության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նշվում է, որ ահազանգերը ստացվել են 2022թ. հուլիսի 14-ին, ժամը 02:03-ին և 04:35-ի։ Հայտնել են, որ Երևանի 35-ամյա բնակիչը «թիկունքի գոտկային շրջանի որովայնի և գլխի շրջանի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» և Երևանի 40-ամյա բնակիչը «ծոծրակային կտրած-ծակած վերք» ախտորոշումներով, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ անձինք նշված մարմնական վնասվածքները ստացել են Ջրվեժում գտնվող խանութի մոտ՝ վիճաբանության ընթացքում:
Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են զննություններ, առգրավումներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը. նա Երևան քաղաքի՝ 2002թ. ծնված բնակիչ է:
Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա՝ վերջինս ձերբակալվել է:
Դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով (Հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը):
Նախաքննությունը շարունակվում է: