ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սուտ է անվանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունն այն մասին, թե իբր ՌԴ-ում բռնի պահում են Ուկրաինայի 1,6 մլն քաղաքացիների:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ Ռուսաստանն իբր իր տարածքում բռնի պահում է Ուկրաինայի շուրջ 1,6 մլն քաղաքացիների, նրանցից իբր վերցնում են փաստաթղթերը և ռուսական անձնագրեր տալիս:
«Դա սուտ է»,- ասել է նա «Սոլովյով Live»-ի եթերում:
Զախարովան նշել է նաև, որ անհնար է պատկերացնել, թե ինչպես կարելի է բռնի կերպով անձնագիր տալ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 141-րդ օրը։