Բագրատաշենի ջրավազանում 14–ամյա պատանի է ջրահեղձ եղել

Դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ջրավազանում անչափահաս տղա է խեղդվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 14:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրավազանում երեխա է ջրահեղձվել»,- գրում է կայքը:

Նշված վայր է ժամանել ԱԻն ՓԾ թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ապա, լրացուցիչ կանչով` ԱԻՆ ՓԾ թիվ 30 ՀՋՋ-ից 1 մարտական հաշվարկ:

Կայքը գրում է, որ մինչև փրկարարների հասնելը տեղի ուժերով ջրավազանից դուրս են բերել 14-ամյա Արտավազդ Կ.-ի դին:
Երեխայի մարմինը տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:
Այս տարի ջրահեղձման 16 դեպք է գրանցվել. ԱԻՆ-ը ուժեղացնում է հսկողությունը. տեսանյութ
Դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգողը եղել է Բագրատաշեն բնակավայրի վարչական ղեկավարը: