ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ կողմերն անդրադարձել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև առկա համագործակցությանը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին
Ռոբերտ Խաչատրյանը կարևորել է տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործընթացներում ԱՄՆ կողմից ցուցաբերված օժանդակությունը, որի շնորհիվ՝ հատկապես ինժեներական ուղղություններով, բազմաթիվ ձեռնարկություններ են հիմնվել Հայաստանում։
Լին Թրեյսին բարձր է գնահատել այն հանգամանքը, որ բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջընթացը Հայաստանն առավելապես կապում է գիտելիքի և կրթության հետ՝ առաջ մղելով գիտելիքահեն տնտեսության զարգացման մոդելը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են արհեստական բանականության, տեխնոլոգական կրթության, տիեզերական տեխնոլոգիաների, միկրոէլեկտրոնիկայի, թվայնացման, մի շարք այլ ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորությունները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Անդրադարձ է կատարվել նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ոլորտում ԱՄՆ ՄԶԳ և ԱՄՆ-ում հայկական սփյուռքի ունեցած դերակատարությանը, Ինժեներական քաղաք ծրագրին, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի: