«Արարատը» ոչ–ոքի խաղաց «Շկենդիայի» հետ, բայց դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ» - «Շկենդիա» հանդիպում (14 հուլիսի, 2022թ). Երևան
Մեկ շաբաթվա ընթացքում միևնույն մրցակցի հետ խաղալը իր մեջ որոշակի դժվարություն է պարունակում։ «Արարատին» Սկոպյեում կրած պարտությունից հետո հարկավոր էր երկու գնդակի առավելությամբ հաղթանակի հասնել «Շկենդիայի» նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Արարատը» սեփական հարկի տակ ոչ–ոքի՝ 2։2 խաղաց «Շկենդիայի» հետ։
Առաջին խաղից հետո «Արարատը» մրցակցին զիջում էր երկու գնդակի տարբերությամբ։
Բայց, ինչպես պարզվեց, մեր թիմին հարկավոր էր հետ բերել երեք գնդակ։ Պատասխան խաղի երկրորդ րոպեին «Արարատի» ֆուտբոլիստները ձախողեցին խաղադաշտի կենտրոնում, ու մրցակցի արագ հակագրոհից հետո Խուան Բրավոն դարձավ ինքնագոլի հեղինակ։ Արարատցիները արագ կարողացան հետ բերել կորցրածը ստանդարտի խաղարկումից հետո, բայց մրցավարները «Շկենդիայի» դարպասի գրավում չարձանագրեցին` արձանագրելով խաղից դուրս վիճակ, չնայած գոլի հեղինակ Ալեքսանդր Գլիշիչը խաղից դուրս վիճակում չէր։
«Արարատ» - «Շկենդիա» հանդիպումը կսպասարկեն ուկրաինացիները
Հետո էլ Գլիչիշի բախտը չբերեց հանդիպման 20-րդ րոպեին, երբ «Արարատի» հարձակվողի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։ Այսքանով մեր թիմի հաջողություններն առաջին կեսում ավարտվեցին։
Իսկ ահա հյուրերն իրենց առավելությունը զարգացնելու հնարավորություններ ունեցան, և այն օգտագործեցին` փաստացի լուծելով դիմակայության ելքն իրենց օգտին։
Ճիշտ է, երկրորդ կեսի մեկնարկին Գոռ Մալաքյանը հեռահար հարվածով շատ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ, բայց դա ընդամենը կրճատեց մրցակցի առավելությունը երկու խաղերի արդյունքում մինչև երեք գնդակի։
Դա շատ լավ հասկանում էին նաև մրցող կողմերի ֆուտբոլիստները։ Այդ պատճառով էլ խաղի տեմպը բարձր չէր, իսկ «Շկենդիան», մեծ ուժեր կենտրոնացնելով պաշտպանությունում, խաղում էր ըստ հաշվի։
Մերոնց հաջողվեց խուսափել պարտությունից պատասխան խաղում։ Գոռ Մալաքյանը ևս մեկ գեղեցիկ գոլի հեղինակ դառնալով` վերականգնեց հավասարակշռությունը պատասխան խաղում, բայց հաջորդ փուլ անցնելու համար դա բավարար չէր։
Ինչպես և Հյուսիսային Մակեդոնիայում, «Արարատը» երկու գնդակ ընդունելով սեփական դարպասը, գործնականում զրկվեց երկու խաղերում ընդհանուր հաշվով հաղթելու հնարավորությունից։
Հայաստան - Վրաստան` 4:1. ֆուտբոլային լեգենդների հանդիպումը` լուսանկարներով
Նշենք, որ այսօր ավելի ուշ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումն է անցկացնելու «Ալաշկերտը»։
Մեր թիմը Մալթայում մրցելու է «Համրուն Սպարտանսի» հետ։ Առաջին խաղում «Ալաշկերտը» հաղթել է նվազագույն՝ 1։0 հաշվով։