Ադրբեջանական կողմում հայտնված և հետ եկած խաչիկցու դեպքով քրգործ է հարուցվել

Խաչիկ գյուղ
Մամուլն այսօր գրում է, որ ադրբեջանական կողմը Խաչիկ գյուղի մի բնակչի է առևանգել։ Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքը հունիսի 3-ին է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի բնակչի` ադրբեջանական կողմում հայտնվելու և վերադառնալու դեպքով քրգործ է հարուցվել։
Նշենք, որ դեռ նախորդ ամիս Խաչիկի բնակիչ 60-ամյա Ա. Խ.-ն անհետացել էր։ Տղամարդը հայտնվել էր ադրբեջանական կողմում և հետ վերադարձվել։
ՊՆ-ի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ դեպքի առթիվ Վայոց Ձորի մարզային դատախազությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե` նախաքննության։

Միաժամանակ, ոստիկանության լրատվության բաժնից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ հունիսի 6-ին հաղորդում է ստացվել, որ տղամարդը տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել։ «Հաղորդում ստացանք, որ հունիսի 3-ին է տղամարդը դուրս եկել տնից։ Սակայն հունիսի 12-ին նշված անձը վերադարձել է տուն։ Դեպքի առթիվ քննություն է ընթանում»,- հայտնեցին ոստիկանությունից։

Հավելենք, որ «Հրապարակն» այսօր գրել է` տղամարդուն առևանգել են։ Ըստ թերթի` նրա նկատմամբ նաև բռնություն է կիրառվել։
Խաչիկ վարչական շրջանի ղեկավար Հովիկ Սմբատյանը հայտնել է, որ խոսքն իրենց համագյուղացի, ամուրի Աշոտ Խաչատրյանի մասին է․«Իրավապահներն արդեն զբաղվում են, ես ասելիք չունեմ»։
Ի դեպ, ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ տղամարդը գնացել է դաշտ` ինչ-որ բան հավաքելու և անցել ադրբեջանական կողմ։