ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ գործադիր մարմնի այսօրվա նիստում որոշվեց կառավարության պահուստային ֆոնդից 31 125 000 դրամ հատկացնել առողջապահության նախարարությանը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների դիակների և մասունքների ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների դիմաց վճարելու համար։
Որոշման նախագծի համաձայն` ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնում 2020 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2022 թվականը նույնականացվել են բազմաթիվ անճանաչելի ձևի փոփոխված, մասնահատված, կմախքացած, այրված աճյուններ և մասունքներ, որոնց արդյունքում պարզվել է անհայտ համարվող զինծառայողների դիակների և մասունքների ինքնությունը։
Եվս 100 ոսկրային բարդ փորձանմուշներ ուղարկվել են Նիդեռլանդների թագավորություն ICMP կազմակերպություն ԴՆԹ նույնականացումը կատարելու նպատակով: Ֆինանսավորումը իրականացվել է USAID-ի (ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալություն) կողմից:
«Սակայն դեռևս կան բարդ, վնասված, արտաքին գործոնների ազդեցությունից որոշակի կազմափոխված ոսկրային հյուսվածքներ, որոնցից չի հաջողվում անջատել անձի նույնականացման համար պիտանի ԴՆԹ բնութագրեր: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել ևս թվով 50 ոսկրային հյուսվածքների փորձանմուշներ ուղարկել Նիդեռլանդներ»,- ասված է որոշման նախագծում։
Վնասված ոսկրային հյուսվածքներից ԴՆԹ անջատման և գենետիկական լիարժեք բնութագիր ստանալու համար անհրաժեշտ է լրացուցիչ 75 000 ԱՄՆ դոլար (31 125 000 ՀՀ դրամ):