Ոստիկանությունը ՆԳՆ դարձնելն այն խորհրդարանական վերահսկողության դաշտ կբերի. Մարուքյան

Մարուքյանը հույս է հայտնել, որ ներքին գործերի նախարարություն ստեղծելու քայլերը շուտով կամբողջանան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ոստիկանությունը ներքին գործերի նախարարություն դարձնելով` այն խորհրդարանական վերահսկողության դաշտ կբերվի, ինչպես մյուս նախարարությունները։ Իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել հատուկ հանձնարարությունների դեսպան Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով ներքին գործերի նախարարություն ստեղծելու գաղափարին։

«Ըստ շրջանառության մեջ դրված նախագծի` ներքին գործերի նախարարության կազմում գործելու են փրկարար ծառայությունը (ներկայիս արտակարգ իրավիճակների նախարարությունը), ոստիկանությունը, ոստիկանության զորքերը, միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ներքին գործերի նախարարության ուսումնական կենտրոնը (որպես ՊՈԱԿ)»,- գրել է նա։

Մարուքյանը նշել է նաև, որ նախկինում ներքին գործերի նախարարություն ունեցել ենք, որը վերածվել է առանձին կառույցների դեռևս 2000-ականներին՝ «օրվա իշխանության կողմից»։ Արդյունքում, ըստ նրա, իրավապահ կարևորագույն ինստիտուտները դուրս են մնացել խորհրդարանական վերահսկողությունից և անցել օրվա իշխանության ուղիղ ենթակայության ներքո։
Մարուքյանը հույս է հայտնել, որ ներքին գործերի նախարարություն ստեղծելու քայլերը շուտով կամբողջանան։
Հիշեցնենք, որ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը մանրամասնել էր` նոր ստեղծվող ներքին գործերի նախարարությունում ոստիկանության և փրկարար ծառայությունների պետերը համատեղելու են նախարարի տեղակալների պաշտոնները։
Ոստիկանության և փրկարար ծառայությունների պետերի, այս դեպքում, նախարարի տեղակալների պաշտոնները համատեղող անձանց նշանակելու է վարչապետը` նախարարի առաջարկությամբ, որպեսզի նաև կապը չխզվի քաղաքականություն մշակողի և քաղաքականություն իրականացնողի միջև։