ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ստամբուլում Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած բանակցությունները ցորենի խնդրի կարգավորման շուրջ լավատեսական ավարտ են ունեցել։ տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը բանակցություններից հետ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հացահատիկի հարցով բանակցությունների հաջորդ փուլը կհանգեցնի պաշտոնական համաձայնության։
Նա նաև հայտնել է, որ մյուս հանդիպումը նախանշված է անցկացնել հաջորդ շաբաթ, դարձյալ Ստամբուլում։
Բանակցային հանդիպումը մինչ այդ «դրական և կառուցողական» էր որակել նաև Թուրքիայի պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել լուծել խնդիրը։
Թուրքական կողմը հայտնել էր, որ հացահատիկի հարցով հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Ստամբուլում համակարգող կենտրոն ստեղծելու մասին։
Թուրքիայի ՊՆ–ն ասել էր, որ հաջորդ շաբաթ նախանշված հանդիպմանը ակնկալվում է քննարկված հարցերի վերաբերյալ վերջնական փաստաթղթի ստորագրում։
Այսօր Ստամբուլում կայացել են Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ քառակողմ բանակցություններ` ցորենի համաշխարհային խնդրի կարգավորման շուրջ։
Բանակցությունները տևել են 1.5 ժամ։ Ռուսական կողմը հայտնել էր, որ հանդիպումից կոնսենսուսի մեծ հույսեր ունի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական կողմը Ստամբուլում կայացած բանակցություններում առաջարկել է որոշում ընդունել Սևծովյան նավահանգիստներից գյուղմթերքների արտահանման վերաբերյալ։
Հիշեցնենք` ՄԱԿ-ը բազմիցս հայտարարել է հացահատիկի դեֆիցիտի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին, Արևմուտքը Ռուսաստանին մեղադրել է համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարմանը հակազդելու մեջ, Մոսկվան կտրականապես հերքել է այդ մեղադրանքները։
Միաժամանակ, պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ Կիևի իշխանություններն իրենք են բազմաթիվ խոչընդոտներ ստեղծել հացահատիկի արտահանման համար. Մարիուպոլի նավահանգստում հացահատիկի հրկիզումից բացի ուկրաինական զորքերը ականապատել են Սև ծովը, ինչը թույլ չի տալիս հացահատիկ տեղափոխել նավերով։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի միջամտում Ուկրաինայից հացահատիկի արտահանմանը, և, եթե Կիևը մաքրի նավահանգիստները ականներից, հացահատիկով նավերը կկարողանան առանց որևէ խոչընդոտի դուրս գալ նավահանգիստներից։