ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Գյումրեցի գերծանր քաշային (+109) ծանրորդ Գոռ Մինասյանն աշխարհի առաջնությունում հանդես կգա Բահրեյնի դրոշի տակ։ Այս մասին ՀԱՕԿ-ին հայտնել է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։
Պատճառն այն է, որ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ամեն երկիր հնգական քաշային կարգերից յուրաքանչյուրում կարող է երկուական մարզիկ-մարզուհի ներկայացնել, ու այդ պատճառով, պարապուրդի չմատնվելու համար, Գոռ Մինասյանն ընդունել է Բահրեյնի ֆեդերացիայի առաջարկը։
Գոռը նաև նպատակ ունի պաշտոնական մրցումներում անհրաժեշտ վարկանիշային միավորներ վաստակել՝ Փարիզի օլիմպիական խաղերում հանդես գալու համար: Ի դեպ, օլիմպիական խաղերի պարագայում յուրաքանչյուր երկիր կարող է ծրագրում ընդգրկված տղամարդկանց և կանանց հնգական քաշային կարգերում ներկայացնել արդեն երեքական մարզիկ-մարզուհի:
Այժմ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականին կարճատև արձակուրդ է տրված, իսկ հուլիսի 25-ից կսկսվի ուսումնամարզական հավաքը Աբովյանում:
Աշխարհի առաջնությունը նախատեսված է անցկացնել տարեվերջին Կոլումբիայում։