ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻֆ-ի և «Ապագա Փրոջեքթս» ընկերության համատեղ ներդրումային ծրագրի շրջանակում շահագործման է հանձնվել հյուրանոցային նոր համալիրը, իսկ «Յելլ Էքստրիմ Պարկի» և «Ապագա Ռեզորթի» տարածքում շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։
Ինչպես հայտնում են ԱՆԻՖ-ից, նոր ծառայություններն առաջիկայում արդեն հասանելի կլինեն հանրությանը։
«Ապագա Փրոջեքթս» ընկերությունը համակարգում է երկու ծրագիր Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ «Ապագա ռեզորթ» հյուրանոցային համալիրը և «Յելլ Էքստրիմ Պարկ» զվարճությունների այգին։ Երկու ծրագրով էլ գյուղական համայնքներում տուրիստական ենթակառուցվածքներ ու տնտեսական այլ նոր հնարավորություններ են ստեղծվելու։
«ԱՆԻՖ»-ի և «Ապագա Փրոջեքթս»-ի միջև համագործակցությամբ «Յելլ Էքստրիմ Պարկ»-ի նոր՝ մոտ 2,5 կմ երկարությամբ ճախրուղի կկառուցվի (զիփլայնի) և սպորտային զվարճության նոր հարթակ կներդրվի, կստեղծվեն «Ապագա Ռեզորթ» հյուրանոցային համալիրի ենթակառուցվածքները, այդ թվում՝ կընդլայնվի նոր խոհանոցը և կավելանա համարային ֆոնդը։ Ծրագրի իրականացման արդյունքում Յելլը կկարողանա ավելացնել թողունակությունը և գրեթե կկրկնապատկի կայուն աշխատատեղերի թիվը։
Նշենք, որ ԱՆԻՖ-ի դուստր «Ձեռնարկատեր+պետություն ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի բաժնեմասային ներդրումը «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ում կազմել է 1,6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար։
Հիշեցնենք, որ ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն ներդրումների կառավարիչ» ընկերության ներդրումային ֆոնդի գործունեության նպատակը տնտեսության մեջ մասնավոր կապիտալի ներհոսքի խթանումն է և դրա միջոցով տեղական բիզնեսի զարգացումը։ Ֆոնդը ներդրումներ է իրականացնում տեղական ընկերություններում՝ նպաստելով հայաստանյան ձեռնարկությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Ֆոնդի կողմից ֆինանսավորման ենթակա են Հայաստանի Հանրապետությունում գրանցված ինչպես նոր, այնպես էլ արդեն իսկ գործող բիզնես ծրագրերը, որոնք համապատասխանում են ֆոնդի չափանիշներին: Ֆոնդի մասնակցությունը 25–-49% է, մասնակցության չափը մեկ ծրագրում՝ 0.5 -4մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: