Ստամբուլում մեկնարկել են հացահատիկային հարցի շուրջ բանակցությունները

Ստամբուլ
Դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ հանդիպմանը կոնսենսուսի հասնելու մեծ հույս կա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ստամբուլում մեկնարկել է Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվում է հացահատիկի հարցը։ Իշխանությունները չեն բացահայտում հանդիպման վայրը, հայտնի է, որ այն փակ է լրատվամիջոցների համար։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ դիվանագիտական աղբյուրը գործակալությանն ասել էր, որ այսօրվա հանդիպմանը կոնսենսուսի հասնելու մեծ հույս կա: Նա նշել էր, որ պատվիրակությունների հետ առանձին հանդիպումներ են անցկացվել ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական կողմի հետ, դրանք ընթացել են կառուցողական հունով։
ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են, որ հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիք է հասունացել, Արևմուտքը Ռուսաստանին է մեղադրում ուկրաինական հացահատիկի մատակարարումները խոչընդոտելու համար։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ հացահատիկն Ուկրաինայից արտահանելու խնդիրներ չկան, և Ռուսաստանը որևէ կերպ չի խոչընդոտում։ Նրա խոսքով` եթե Ուկրաինան ականազերծի նավահանգիստները, հացահատիկով բեռնված նավերը կկարողանան այնտեղից դուրս գալ առանց որևէ խնդրի։