Տեր–Խաչատրյանին ծեծելով սպանողներից 3-ը կալանավորվել են. Ռուսաստանի հայերի միություն

Ոստիկանական ավտոմեքենա
Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչը մեկնել է դեպքի վայր, զրուցել իրավապահների և սպանվածի հարազատների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի հայերի միությունը նամակներ է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազություն և նախագահի աշխատակազմ ՝ խնդրելով վերահսկել Մերձմոսկովյան Տարասկովո գյուղում տեղի ունեցած դեպքերը։ Նման հայտարարություն է տարածել Ռուսաստանի հայերի միությունը` անդրադառնալով զանգվածային ծեծկռտուքին, որի հետևանքով մահացել է 41-ամյա Կարեն Տեր-Խաչատրյանը։
Հայտնել էինք, որ գյուղի բնակիչներն ու հանրակացարանում ապրող միգրանտները հուլիսի 11-ին վիճել են գյուղի աղջիկներից մեկի հասցեին արված կատակի պատճառով: Աղջկան պաշտպանել է 41-ամյա Կարեն Տեր-Խաչատրյանը, որին դաժան ծեծի են ենթարկել: Տղամարդը, ցավոք, մահացել է։
ՌԴ հայերի միությունը տեղեկացնում է, որ Միջին Ասիայից եկած ներգաղթածները նեղացրել են մի աղջկա, որին պաշտպանել է Կարեն Տեր-Խաչատրյանի 16-ամյա որդին։ Դեպքին միջամտել է նաև Տեր-Խաչատրյանը, որին մի խումբ ներգաղթյալներ սկսել են դաժան ծեծի ենթարկել։
«Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչ Արտյոմ Վարդանյանը ՌՀՄ նախագահի հանձնարարությամբ անմիջապես մեկնել է դեպքի վայր, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել իրավապահների, տեղի վարչակազմի, հայ համայնքի և սպանվածի ընտանիքի ներկայացուցիչների հետ: Հանրությանն ու լրատվամիջոցներին հորդորում ենք չսրել այս ողբերգական իրադարձության շուրջ ստեղծված իրավիճակը»,–ասված է Ռուսաստանի հայերի միության հայտարարությունում։
Նշվում է նաև, որ այս պահին Տեր-Խաչատրյանի դեմ կռվի և հարձակման մասնակիցները ձերբակալված են, նրանցից 3-ին կալանավորել են։ ՌՀՄ–ն հույս է հայտնում, որ մեղավորները իրենց պատիժը կկրեն օրենքի ողջ խստությամբ:
Ռուսաստանի հայերի միությունը ցավակցում է սպանվածի հարազատներին և նրա ընտանիքին աջակցելու պատրաստակամություն հայտնում:
«Պաշի տղա Սուրո Լեննականսկին» ձերբակալվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում