ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի- Sputnik. Շրի Լանկայում ցուցարարները կարճ ժամանակով գրավել են Rupavahini ազգային հեռուստակորպորացիայի շենքն ու ելույթ են ունեցել եթերում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Newswire պարբերականը նշում է, որ ցուցարարները ներխուժել են շենք ու 15 րոպե ելույթ ունեցել հեռուստատեսության եթերում: Դրանից հետո հեռուստակորպորացիան կարճ ժամանակով դադարեցրել է հեռարձակումը։
Աղբյուրի տեղեկություններով՝ շենքը գրաված ցուցարարներն իրենց հանգիստ են պահել ու բռնության չեն դիմել։
Real Media պարբերականը հայտնել է, որ ցուցարարներն արդեն դուրս են եկել շենքից, այժմ հեռուստակորպորացիան կրկին հեռարձակվում է ուղիղ եթերում:
Հիշեցնենք, որ Շրի Լանկայի մայրաքաղաքում բազմահազարանոց ցույցեր են ընթանում։ Ցուցարարները գրավել են նախագահի պալատը։ Բողոքի ակցիաների հետևանքով տուժել է առնվազն 100 մարդ, այդ թվում՝ ոստիկանության աշխատակիցներ և լրագրողներ:
Ավելի ուշ հաղորդվել է, որ հուլիսի 20-ին խորհրդարանը մտադիր է երկրի նոր նախագահ ընտրել: